«Մեծ հաշվով արցախյան հարցը Ռուսաստանի ձեռքին պատանդ է ընդդեմ Ադրբեջանի». Հակոբ Բադալյան Medialab

Patand

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի Հանրապետության նախագահները նախօրեին ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր: Ինչպե՞ս եք գնահատում այդ հռչակագիրը, այն փոփոխություն կմտցնի՞ ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

– Կարծում եմ՝ Ալիևի այցը Մոսկվա ու ստորագրված փաստաթուղթն ու արտահայտված մտքերը խոշոր հաշվով ռուս-ադրբեջանական մինչ այս եղած հարաբերության տրամաբանության շրջանակում էին, այսինքն՝ առանձնապես մեծ նորություններ կամ նոր ուղղություններ կարծես թե չարձանագրվեցին:

Իհարկե եղավ հռչակագիրը, որն ինչ-որ առումով մեկ քայլ առաջ է երկու երկրների հարաբերությունների խորացման իմաստով, բայց եթե ընդհանուր առմամբ նայենք այդ հարաբերության դինամիկան, ապա այդ հռչակագրից առաջ էլ՝ դեռևս 2000-ականների սկզբից, ռուսներն ու ադրբեջանցիները մի շարք փաստաթղթեր ստորագրեցին, որոնցով հետևողականորեն բարձրացնում էին գործակցության մակարդակը, այդ թվում՝ ռազմական ու ռազմատեխնիկական, ու Ադրբեջանն այդ շրջանից սկսած ռուսական հռետորաբանության մեջ դիտարկվում ու բնորոշվում էր ռազմավարական գործընկեր:

Հիմա արդեն դաշնակցային հարաբերության մասին է խոսքը, ու սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի քաղաքականության մեջ ընդհանուր փաթեթով է դիտարկում առնվազն հայ-ադրբեջանական տիրույթն ու փորձում է այս տրամաբանությամբ ամրացնել իր դիրքերն ու ապահովագրել իրեն Կովկասում որոշակի անակնկալներից:

Այս իմաստով կարող ենք դիտարկել և այն, որ Ռուսաստանն այսկերպ փորձում է, օգտվելով գուցե նաև Թուրքիայի համար եղած որոշակի խնդիրներից, «հետ բերել» 44-օրյա պատերազմում կորցրածը՝ նկատի ունեմ Թուրքիայի ամրապնդումն ու դերի բարձրացումն Ադրբեջանում:

– Հռչակագիրն ինչպե՞ս կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների ու ընդհանրապես Հայաստանի վրա:

– Ինչպես նշեցի, այդ հռչակագիրը, մեծ հաշվով, իրավիճակի զարգացման նոր տրամաբանության մասին, կարծես թե, չի խոսում, այլ արձանագրում է եղածը, ու այդ եղածի շրջանակում մեկ քայլ առաջ է: Սա ընդամենը հերթական անգամ վկայում է այն, որ Հայաստանի պարագայում Ռուսաստանի քաղաքականությունը չափվելու է հայ-ադրբեջանական փաթեթով ու ոչ թե հակադրվելու է Ադրբեջանին՝ Հայաստանի հանդեպ պարտավորությունների իմաստով:

Մենք այդ քաղաքականությունը տեսել ենք գործնականում, ու ստորագրված հռչակագիրը ընդամենը կարող է մի հերթական ու նոր փաստարկ կամ վկայություն լինել մարդկանց, որոնք մինչ այժմ կարող էին պատրանքներ ունենալ Ռուսաստանի քաղաքականության առումով: Ընդամենը խնդիր կա արձանագրել ու հասկանալ Ռուսաստանի քաղաքականությունը ու ըստ այդմ մտածել Հայաստանի քայլերի ու գործողությունների մասին:

Չեմ կարծում, թե այստեղ հայ-ռուսական հարաբերությունների նոր խնդիր է առաջանում կամ առաջանալու, որովհետև այն, ինչը խնդրի առիթ էր կամ պատճառ, կա վաղուց, ու այս իմաստով որևէ նոր իրավիճակ չկա:

– Պարո՛ն Բադալյան, այս պարագայում արցախյան հակամարտության լուծումն ինչպե՞ս է լինելու:

– Կարծում եմ՝ Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ արցախյան հարցի վերջնական կարգավորմամբ, որովհետև դա կարևորագույն լծակ է ազդելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա, հատկապես՝ Ադրբեջանի: Այսօր, մեծ հաշվով, արցախյան հարցը Ռուսաստանի ձեռքին պատանդ է ընդդեմ Ադրբեջանի: Եթե մինչև 44-օրյա պատերազմը պատանդ էր միայն Հայաստանի դեմ, այսինքն՝ անընդհատ մտածում էինք, որ ինչ-որ հարցերում Ռուսաստանին պետք է ընդառաջ գնալ՝ Արցախի հարցում աջակցության ակնկալիքով և այլն, ապա հիմա այդ հանգամանքը Ռուսաստանն օգտագործում է Ադրբեջանի դեմ:

Ռուսական զորքը կանգնած է Արցախում, Ռուսաստանը դեռևս 2020 թվականի նոյեմբերին ակնարկեց, որ խաղաղապահների դեմ որևէ գործողության պարագայում կարող է լինել ընդհուպ Արցախի ճանաչում, ու, այս իմաստով, Պուտինը նաև նախօրեի հանդիպմանը բավական ակնարկներ ու զգուշացումներ հղեց Ալիևին Դոնբասի ու Լուգանսկի օրինակով: Այնպես որ, ակնկալել, որ արցախյան հարցում հնարավոր է լինելու վերջնական ինչ-որ կարգավորում, իրատեսական չեմ համարում, որովհետև Ռուսաստանի համար այս հարցը գործիք է թե Հայաստանի, նաև արդեն զգալիորեն գործիք է Ադրբեջանի դեմ:

Կարծում եմ, որ այդ գործիքն օգտագործելով է, որ Ռուսաստանը Ալիևին, այսպես ասած, բերեց այդ դաշնակցային հռչակագրի դաշտ, որովհետև այդ հռչակագիրը բարձրացնում է Ադրբեջանի պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ ու կապակցում է Ադրբեջանին Ռուսաստանին, որովհետև Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը, մեծ հաշվով, արդեն նշեցի, նույնն է երկու տասնյակ ու ավելի տարիներ:

– Այսինքն՝ կարծում եք, որ այս հռչակագիրն ավելի շատ ձեռնտու էր Ռուսաստանի՞ն:

– Այո՛, կարծում եմ, դա Ռուսաստանի նախաձեռնությունն էր, ու Ադրբեջանը, իհարկե, գնացել է ընդառաջ՝ նաև պատկերացնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, պատկերացնելով իր մյուս գլխավոր հովանավոր Թուրքիայի խնդիրը, տեսնելով նաև Իրանի շուրջ բավական բազմաշերտ զարգացումները և Իրան-Արևմուտք ոչ միարժեք հեռանկարները: Ահա թե ինչու Ադրբեջանը չի ընդդիմացել այդ փաստաթղթային կապակցվածությանը գնալու Ռուսաստանի գաղափարին:

Խիստ հատկանշական էր հռչակագրի ստորագրման համար նախատեսված օրը. փաստորեն Ալիևը Պուտինի առաջին հյուրն էր Դոնբասի ու Լուգանսկի այդ աղմկահարույց ճանաչումից անմիջապես հետո: Իհարկե, Ադրբեջանը չի ճանաչել այդ երկրների անկախությունը, բայց, այդուհանդերձ, այդ ընդհանուր քաղաքական աուրայի մեջ Ալիևի համար, կարծում եմ, այնքան էլ հաճելի չէր լինել Պուտինի առաջին հյուրը:

Նաև, ինչպես նշեցի, Պուտինի բավական թափանցիկ ակնարկները Լուգանսկի և Դոնբասի՝ Ուկրաինայի վարքագծի իմաստով, անկասկած ուղղված էին Ադրբեջանին ու պարունակում էին զգուշացում, որ համանման քաղաքականության պարագայում Ադրբեջանը կարող է խնդիրներ ունենալ Արցախի հարցում:

– Որ Ռուսաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը:

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. medialab.am

Ձեզ կհետաքրքրի...