Ադրբեջանը նախորդ տասնամյակների ընթացքում փորձել է կոծկել Սումգայիթում ու Բաքվում

Palon

  ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի 34-րդ և Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցներին նվիրված հայտարարությամբ: Նա ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից հայերի դեմ շարունակվող ատելության քարոզն ու պատժել նախորդ տասնամյակների ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների պատասխանատուներին: 

«Ադրբեջանի կառավարությունը մեղսակից էր դարձել այդ բոլոր կոտորածներին՝ օգտագործելով բռնություն քարոզող հռետորաբանություն և չանելով ոչինչ՝ դադարեցնելու հայ քաղաքացիների դեմ բռնությունները: Ադրբեջանը նախորդ երկու տասնամյակների ընթացքում քայլեր է ձեռնարկել կոծկելու մարդկության դեմ այս հանցագործություններն ու հերքելու Սումգայիթում ու Բաքվում իրականացված կոտորածները: Շատ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը գովաբանեց այս իրադարձությունների ու նմանօրինակ դաժան հարձակումների հեղինակներին»,- նշել է Փալոնը:

Նրա խոսքով՝ Ալիևի ռեժիմը մինչ օրս շարունակում է հայերի դեմ ատելության հռետորաբանությունը, այդ թվում՝ 2020 թ. Արցախում իրականացրած հարձակումների նախօրեին:

«Ադրբեջանական ուժերը, թուրքական անօդաչուներն ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացած օտարերկրյա ահաբեկիչներն իրականացրեցին կանխամտածված հարձակում՝ խախտելով միջազգային օրենքը»,- նշել է Փալոնը՝ ընդգծելով ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, մարդկանց գլխատումների ու խոշտանգումների մասին:

«Ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով սարսափելի հարձակումները և սգալով բոլոր նրանց, ովքեր դաժանաբար սպանվեցին Արցախում և հայկական հողի վրա՝ ադրբեջանական հետագա հարձակումների հետևանքով: Կարևոր է, որ Միացյալ Նահանգները ճանաչի ու դատապարտի բոլոր քաղաքացիական անձանց դեմ դաժան հարձակումները: Եթե չդատապարտենք ու չպատժենք մարդկության դեմ հանցագործություններն ու էթնիկ բռնությունը, մենք կդառնանք պասիվ ականատեսներ, ովքեր չեն կարողացել սերտել 20-րդ դարի դասերն ու ձախողել  են ողջ աշխարհում մարդու իրավունքներին ու ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալու խոստումը: Եթե մենք կոշտ դիրքորոշում չընդունենք նրանց հանդեպ, ովքեր կոտորածներ են իրականացնում, դա նրանց քաջություն կհաղորդի և կխրախուսի մյուսներին ապագայում էլ նման սարսափելի արարքներ գործել»,- հայտարարել է Փալոնը՝ նշելով, որ այս դասերը հատկապես կարևոր են այս ապրիլին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի շեմին:

ԱՄՆ կոնգրեսականը հավաստիացրել է, որ շարունակելու է աշխատանքն իր գործընկերների հետ՝ ոգեկոչելու Բաքվի և Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմի զոհերի հիշատակը: «Հուսով եմ՝ գործընկերներս կմիանան ինձ բռնության հռետորաբանությունը, ահաբեկումը և մարդու իրավունքների բացահայտ խախտումները մերժելու գործում: Դրանով մենք կվերահաստատենք մեր հանձնառությունը՝ հասնելու Կովկասում տևական խաղաղության»,- նշել է Ֆրանկ Փալոնը:

Ձեզ կհետաքրքրի...