Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
Armitmes.com Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել էր դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։ «Որոշումը կարելի է բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստանալու պահից 10-օրյա ժամկետում»,- նշեց Դանիբեկյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 15-ին՝ ժամը 13:00-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որը նախատեսում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների համար։