Մինչև բնակելի տան կառուցման ավարտը հնարավոր կլինի ստանալ գնման իրավունք և օգտվել եկամտահարկի վերադարձից

Karucapatum

  ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ կառուցապատողից բնակելի տուն ձեռք բերելիս նախքան տան շինարարության ավարտը կնքել գնման իրավունքի պայմանագիր՝ օգտվելով եկամտային հարկի վերադարձի համակարգից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծեր փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Բաբկեն Թունյանը:

Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է համակարգ, որը հնարավորություն է  տալիս առաջնային շուկայում՝ այսինքն հենց կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսները հետ ստանալ՝ վճարված եկամտային հարկի հաշվին:

«Կար հետևյալ տրամաբանությունը՝ պարտադիր չէր, որ մարդիկ սպասեին, որ շենքի կառուցապատումը հասներ ավարտին,  մինչև ավարտական ակտ ստանալը հնարավորություն կար կնքել գնման իրավունքի պայմանագիր և ձևակերպել հիփոթեքային վարկը, ինչից հետո, երբ 1 կամ 2 տարուց, երբ բնակարանը վերջնական առքուվաճառքով կանցներ քաղաքացուն, արդեն վերաձևակերպում էր կատարվում: Այս գնման իրավունքի մեխանիզմը կառուցապատողներին հնարավորություն էր տալիս մինչև շենքն ավարտին հասնելը մտնել որոշակի ֆինանսական հարաբերությունների մեջ և լուծել շրջանառու միջոցների խնդիրը: Բայց առաջացել էր մի այսպիսի հարց, քանի որ օրենքում ֆիքսված էր, որ գնման իրավունքը տարածվում է միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքերի վրա, բնակելի տները դուրս են մնացել այս կարգավորումից, և այս հնարավորությունից կառուցապատողները չէին կարողանում օգտվել»,-ասաց Թունյանը:

Մի շարք կառուցապատողներ այս խնդրի մասին տեղեկացրել են պատգամավորներին:  Պատգամավորները բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու ձևակերպմանն ավելացրել են նաև բնակելի տուն հասկացությունը: «Եվ օրենքի ընդունումը հնարավորություն կտա արդեն բնակելի տուն կառուցելու դեպքում կամ կառուցապատողներից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կնքել գնման իրավունքի պայմանագիր և նախօրոք սկսել ամբողջ գործընթացը»,-ասաց պատգամավորը:

Թունյանը պարզաբանեց՝ եկամտային հարկի հետվերադարձը հիմա ևս աշխատում է՝ և բազմաբնակարան շենքերից բնակարան գնելու դեպքում, և բնակելի տների դեպքում: Ուղղակի բազմաբնակարան շենքերի դեպքում այդ ամբողջ գործընթացը կարող էր սկսվել մինչև տան շինարարությունը ավարտին հասցվելը, իսկ բնակելի տների դեպքում կառուցապատողները կամ ձեռք բերողը պետք է սպասեր, մինչև շինարարությունը կհասներ ավարտին, կլիներ ավարտական ակտ, նոր միայն այս գործընթացը կսկսեր: «Այսինքն` մեծ հաշվով մենք ժամանակային խնդիր ենք լուծում կառուցապատողների համար»,-ասաց նա:

 Պատգամավոր Հայկ Ցիրունյանը հարցրեց՝ եթե քաղաքացին անձամբ ինքն է ուզում բնակելի տուն կառուցել իր համար, շինարար չէ, նույն օրենքից կարողանալո՞ւ է օգտվել: Թունյանը պատասխանեց, որ առաջարկվող կարգավորումն այդ դեպքում չի տարածվի, քանի որ դա հենց գնման իրավունք է, քաղաքացին տունը գնելու իրավունքն է ձեռք բերում մեկ ուրիշից:

Ձեզ կհետաքրքրի...