4 հազար ծառ, 75 հազար թուփ. ինչ աշխատանքներ են նախատեսված կանաչ գոտիներում

Kanach

  Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում զգալի կանաչապատման աշխատանքներ է նախատեսել մի քանի կանաչ գոտիներում: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է տնկել 4 հազար ծառ և 75 հազար թուփ: Խոշոր ծրագրերից է Ծիծեռնակաբերդի տարածքում նախատեսված կանաչապատումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը նշեց, որ Ծիծեռնակաբերդի տարածքում, ընդհանուր առմամբ, նախատեսված է 8.5 հա տարածքի վրա կանաչապատում իրականացնել: Ծրագիրն իրականացվում է փուլային տարբերակով: 2022 թվականի համար կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն 3.5 հա տարածքում: Ծառերի ձեռք բերման համար հայտարարվել են գնումներ: Տնկումների գործընթացը չուշացնելու համար պատվիրվել են փակ արմատային համակարգով ծառեր: Ծիծեռնակաբերդում 3.5 հա տարածքում նախատեսվում է այս տարի տնկել  2260 ծառ, 3 հազար թուփ:

«Քանի որ այնտեղ արդեն կանաչապատ տարածքներ կան, հետևաբար նոր տարածքի կանաչապատման մոտեցումներն այնպես է ընտրված, որ համահունչ լինի եղածներին: Կանաչապատման համար մենք ընտրել ենք և՛ պտղատու, և՛ դեկորատիվ տեսակներ: Ասեմ, որ հողային տարածքները լավը չեն, կիսաանապատային հողեր են, խնդիրը լուծելու համար դիմել ենք Կոտայքի մարզին, որպեսզի օգնեն այդ հարցում»,-ասաց Արծվի Գրիգորյանը:

Ծիծեռնակաբերդում նախատեսվում է տնկել նշենի, սալորենի, ծիրանենի, հացենի և այլն: Համալիր տանող աստիճանների աջ ու ձախ կողմերի համար նախատեսվում է տնկել սոսի, որը մեծ սաղարթ ունի և կապահովի անհրաժեշտ պաշտպանություն շոգի ժամանակ:

«Երևանում կանաչապատման աշխատանքներ իրականացնելիս առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ այնպես անել, որ տնկարկները երկարատև ծաղկող լինեն: Այսինք՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն այգիներում ունենանք գույներ»,-ասաց Արծվի Գրիգորյանը:

Հաջորդ կանաչապատման ծրագիրը Շենգավիթ վարչական շրջանում է: Արագածի պուրակում, որը ունի 0.5 հա տարածք, այս տարի բարեկարգման, կանաչապատման զգալի աշխատանքներ են նախատեսված: Տնկվելու է նշենի, սոսի, ծիրանենի, կեչի, սոճի, հուդայածառ և այլն: Լինելու են  անհրաժեշտ ենթակառուցվածքները հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար: Այս տարվա աշնանն աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն:

Նոր տեսքով կներկայանա Սարալանջի հատվածը: Արծվի Գրիգորյանը նկատեց, որ այստեղ ևս հողային հատվածը բարենպաստ չէ: Քարքարոտ, հումուսից զերծ տարածք է: Չնայած դժվարություններին, մոտ 1,8 հա-ից 0,5 հա-ի կանաչապտումն արդեն արված է: Ոռոգման համակարգի խնդիրը ևս լուծված է: Այս տարի ծաղկման շրջանում արդեն արդյունքները տեսանելի կլինեն: Տարածքի կանաչապատման համար ընտրել են հետևյալ ծառատեսակները՝ հուդայածառ, սոֆորա, սոճի և այլն:

Ձեզ կհետաքրքրի...