Ֆրանսիան համաշխարհային սով Է կանխատեսել Ուկրաինայի իրադրության պատճառով
Ուկրաինայի իրադրությունն սպառնում Է համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել արդեն այս տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորսմանդիին: «Միջերկրածովյան շրջանում գտնվում են բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցորենի արտահանումից»,-պարզաբանել Է նա:
Նրա խոսքով՝ ծավալվող իրադարձությունները կարող են հանգեցնել գների աճի, ինչը նաեւ կազդի անասնակերի վրա: Հրատարակության տեղեկատվության համաձայն, այնպիսի պետություններ, ինչպիսիք են Քատարը, Ռուանդան, Ղրղզստանն ու Եգիպտոսը, 80 տոկոսով կախված են Ռուսաստանից ցորենի մատակարարումներից այն դեպքում, երբ Թուրքիան կախված Է 70 տոկոսով: Այդ կապակցությամբ ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ Է արել քայլեր ձեռնարկել առաջիկա մեկուկես տարում պարենային ճգնաժամից խուսափելու նպատակով: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:
Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: Ի պատասխան Արեւմուտքը սահմանել Է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը եւ ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան եւ մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: