Հայաստանում հացահատիկի ու շաքարավազի դեֆիցիտ չի կարող լինել. պաշարները լրացված են

Pasharner

  Չնայած Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2022թ.-ի օգոստոսի 31-ը սահմանել է դեպի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, այդուհանդերձ անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ երկրները կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը։

Հացահատիկի սահմանափակումները, կազդեն ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։

Հիշեցնենք, որ մինչև այս սահմանափակումներն արդեն սահմանվել էր քվոտա հացահատիկի արտահանման վրա, մասնավորապես, 2022թ․-ի փետրվարի 15-ից հունիսի 30-ը ռուսական հացահատիկի արտահանումը երրորդ երկրներ սահմանափակվել է 11 միլիոն տոննա քվոտայով, որից 8 մլն տոննան ցորենն է։

Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալների՝ այս տարվա սկզբին ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն այս սեզոնի համար գնել են հացահատիկի անհրաժեշտ պաշարները, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը նույնիսկ կրկնակի ավել ծավալներով։ Այդ իսկ պատճառով՝ ԵԱՏՄ տարածքում հացահատիկի դեֆիցիտ չի կարող լինել։

ՌԴ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ ներկայումս հացահատիկի պաշարներով ՌԴ բավարարվածությունը կազմում է շուրջ 150%, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի զգալի պաշարներ մինչև հացահատիկի բերքահավաքը հավելյալ արտահանում ապահովելու համար։ Իսկ սահմանափակումները կիրառվում են ստեղծված իրավիճակում հացահատիկի չնախատեսված արտահոսք թույլ չտալու համար։ ՌԴ-ն թեև սահմանել է ժամանակավոր սահմանափակումներ, սակայն ԵԱՏՄ երկրներն անհրաժեշտության դեպքում կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։

Այս սահմանփակումներից զատ՝ ժամանակավորապես արգելվել է նաև Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը։ Նման որոշումների նպատակը Ռուսաստանի պարենային անվտանգության ապահովումն է և ստեղծված իրավիճակում ՌԴ ներքին շուկայի պաշտպանությունը։

Ըստ գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտի (IKAR) առաջատար փորձագետ Եվգենի Իվանովի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը ամսական 25-45 հազ․ տոննա շաքար է արտահանել հիմնականում Ղազախստան և հարևան երկրներ։ ՌԴ-ից շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանումն արգելվել է միայն երրորդ երկրների համար, մինչդեռ ԵԱՏՄ երկրների համար սահմանափակում չկա, պարզապես սահմանվել է պայման, որ արտահանում իրականացնելու համար անհրաժեշտ է ՌԴ գյուղատնտեսության նախարարության թույլտվությունը։

Այսպիսով, շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանման արգելք ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ չի սահմանվել, հետևաբար այս ապրանքատեսակի մասով ևս դեֆիցիտ չի կարող լինել։

Մաքսային ենթահանձնաժողովի նիստում որոշվել է նաև ԵՏՀ-ում քննարկման համար առաջարկներ պատրաստել մի շարք ապրանքների, այդ թվում՝ կարտոֆիլի, սոխի, սխտորի, կաղամբի, գազարի, կակաոյի և երեխաների համար նախատեսված մի շարք սննդամթերքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր զրոյացման վերաբերյալ։ Ըստ Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության՝ վերջնական առաջարկները կներկայացվեն մարտի 17-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին։

Ամփոփելով, կարող ենք ամրագրել մի քանի էական փաստ։ Նախ Հայաստանը գնել է այս սեզոնի համար անհրաժեշտ հացահատիկի ողջ պաշարը, բացի այդ ՌԴ-ն պահպանում է լիցենզիայի տրամադրման պայմանով հացահատիկի նոր պաշարներ վաճառելու հնարավորությունը ԵԱՏՄ երկրների, այդ թվում` Հայաստանի համար, և դրա համար ունի հացահատիկի բավարար պաշարներ։ Իսկ շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանման արգելք ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ չի սահմանվել։

Հետևաբար Հայաստանում հացահատիկի և շաքարավազի որևէ դեֆիցիտ չի կարող լինել։

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...