Ինչպես Բայդենը կորցրեց Սաուդյան Արաբիան. hhpress

Arabia

  Սաուդյան Արաբիան պատրաստ է Չինաստանին նավթ վաճառել յուանով՝ դոլարի փոխարեն: Ինչպես գրում է «Wall Street Journal»-ը, դա ամերիկացիների եւս մեկ կորուստն է ռազմավարական կարեւոր դաշնակցի նկատմամբ Բայդենի վարչակազմի արհամարհական վերաբերմունքի պատճառով: Սաուդյան Արաբիայի ու Չինաստանի միջեւ նավթի վաճառքի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի մանրամասները առայժմ հայտնի չեն: Կողմերն արդեն երկար տարիներ բանակցություններ են վարում, որ նավթի մի մասը վաճառվի յուանով:  Նավթի համաշխարհային առեւտրի մոտ 80 տոկոսն ԱՄՆ դոլարով է, յուանն այնքան ազատ փոխարկելի չէ, որքան պետք է լինի պահուստային արժույթը, իսկ Սաուդյան Արաբիայի արժույթը՝ ռիալը, կապված է դոլարի հետ: Այդուհանդերձ, ըստ լուրերի՝ կողմերը հետաքրքրված են յուանով առեւտրին անցնելու հեռանկարով, եւ բանակցությունների մասին նորությունները անհանգստացնող ազդանշան են ԱՄՆ-ի համար: 1974 թ. Սաուդյան Արաբիան պարտավորվեց նավթի առեւտուրը վարել միայն դոլարով՝ Վաշինգտոնի կողմից իր անվտանգությունը երաշխավորելու պայմանով: Բայդենի վարչակազմը հաճախ է խախտել պայմանավորվածությունները, եւ, դատելով ամեն ինչից, դա հոգնեցրել է Սաուդյան Արաբիային: Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական առաջին քայլերից մեկը Եմենում Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմին աջակցության դադարեցումն էր: Միացյալ Նահանգները հութիներից հանել է նաեւ ահաբեկչի կարգավիճակը։ Հետո Սպիտակ տունը հետաձգել է պլանավորված զենքի վաճառքը Էր Ռիադին. դա իսկական ապտակ էր անվտանգության ոլորտում, եւ միայն անցյալ տարվա վերջին հնարավոր եղավ կարգավորել իրավիճակը: Հութիները «շնորհակալություն» են հայտնել Բայդենին նվերի համար՝ ուղարկելով իրենց անօդաչու սարքերը եւ հրթիռներ արձակելով Սաուդյան Արաբիայի եւ նրա դաշնակից Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային շրջանների ու քաղաքների վրա: Բացի այդ, Սաուդյան Արաբիան սարսափով հետեւում է, թե ինչպես է Բայդենը համաձայնեցնում նոր գործարքը, որն Իրանին կապահովի ռեսուրսներով՝ ֆինանսավորելու Սաուդյան Արաբիայի դեմ երրորդ երկրների միջոցով վարվող պատերազմները, մինչեւ Թեհրանը սեփական միջուկային ռումբ կստեղծի: Բայդենն ու նրա խորհրդականները նշում են, որ ողջ խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության մեջ է: Նրանք մատնացույց են անում, որ Էր Ռիադը 2018 թ. կազմակերպել է լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նույնպես խոսել է հումանիտար խնդիրների մասին՝ հայտարարելով այն մասին, որ հիմա Վաշինգտոնը հութիներին ահաբեկիչ չի համարում: «Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը, այդուհանդերձ, քայլեր է կատարել իր երկրի ներսում ազատականացման համար: Ավելին՝ Միացյալ Նահանգներին պետք են բոլոր բարեկամները, որոնց նրանք կարող են պահպանել այդ բարդ եւ անհանգիստ տարածաշրջանում: Բայդենի վարչակազմի ինտերնացիոնալիստները սխալմամբ ենթադրում են, որ այնպիսի պետությունները, ինչպիսին ԱՄՆ-ն է, կարող են իրենց շքեղություն թույլ տալ՝ համագործակցելու բարոյապես բացառապես անբասիր դաշնակիցների հետ»,- նշել է «Wall Street Journal»-ը: Այժմ Սաուդյան Արաբիան վերանայում է իր դիրքորոշումը, քանզի հասկացել է, որ չպետք է հույսը դնի ԱՄՆ-ի վրա։ Նրանք տեսան Բայդենի վարչակազմի թշնամանքը եւ զորքերի դուրսբերումը Աֆղանստանից: Թագաժառանգը մերժել է նավթի արդյունահանումն ավելացնելու Բայդենի կոչերը, եւ եթե լուրերին կարելի է հավատալ, նույնիսկ հրաժարվել է ԱՄՆ նախագահի հեռախոսազանգից: Պեկինը ուրախ է, որ կարող է լրացնել առաջացած դատարկությունը, եւ նա կարող է մեծ օգուտներ քաղել, եթե կարողանա համոզել Էր Ռիադին՝ համաձայնագիր ստորագրելու յուանով նավթ գնելու մասին: Դա Պեկինին հնարավորություն կտա հիմքեր ստեղծել գլոբալ յուանի համար՝ աշխարհով մեկ ընդլայնելով չինական արժույթի տարածման ծավալները: Դա, իր հերթին, Չինաստանին թույլ կտա յուանը որպես առեւտրային արժույթ առաջարկել ԱՄՆ-ի հակառակորդներին, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Իրանը: Այս իմաստով Միացյալ Նահանգների տնտեսական պատժամիջոցները շատ ավելի քիչ արդյունավետ կլինեն։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...