Բաքուն չի հերքում իրենց ուժերի առաջխաղացումը Արցախում, սակայն հերքում է ԱԹՍ-ների կիրառման և իրենց կողմից 5 զոհի մասին լուրը. Civic

Chium hastat

 «Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում»,- այս մասին հայտնել էր Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Երեկ գիշերն էլ ադրբեջանական ուժերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Հայկական կողմը հայտնել է, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հաղորդվում է հայկական կողմից մեկ վիրավորի մասին։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հերքում են իրենց կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին լուրը, ինչպես նաև ադրբեջանցի զինծառայողների մահը։
Սակայն Բաքուն, ըստ էության, չի հերքում իրենց զորքերի առաջխաղացման մասին լուրը՝ հայտարարելով, որ «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են առանց ուժի կիրառման իրենց դիրքերի ու տեղակայման կետերի ճշտման գործընթացը»։ 

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից տարվում են բանակցություններ՝ հակառակորդի հետքաշման շուրջ։ Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Վովա Հակոբյան

 

Civic.am

Ձեզ կհետաքրքրի...