ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը ՌԴ-ից պահանջել է դադարեցնել ռազմագործողություններն Ուկրաինայում
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները որակել է «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում»։
Նա նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ կապված «Ուկրաինայի հումանիտար աղետի հետ»։
Ըստ Սինիրլիօղլուի` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ պատերազմը պիտի դադարեցվի օր առաջ:
Նա ընդգծել է, որ «միջազգային հանրությունը չի կարող համակերպվել Ռուսաստանի գործողությունների հետ և պետք է ամեն ինչ անի Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար»։
Թուրք պաշտոնյան նաև շեշտել է, որ հրադադարի հաստատման համար Թուրքիան գործի է դնելու իր դիվանագիտական բոլոր լծակները։