Ադրբեջանը հերքում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ բանակցություններից հետո ադրբեջանական զինված ուժերը հեռացել են Արցախի Փառուխ գյուղից. hhpress

Parukh

   Ադրբեջանը հերքում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ բանակցություններից հետո ադրբեջանական զինված ուժերը հեռացել են Արցախի Փառուխ գյուղից, իսկ ադրբեջանական սոցիալական հարթակներում էլ շրջանառվում են Քարագլխից արված տեսանյութեր, որտեղից երեւում են ինչպես Փառուխը, այնպես էլ Խրամորթը։ Ավելին, Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա։ Հիշեցնենք, որ մարտի 27-ին Արցախի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում նշված է, որ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք ադրբեջանական զինուժի կողմից, որի հետեւանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է 2 մարդ։ Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցելով, կայունացրել է իրավիճակը։ Եթե անգամ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները հեռացած լինեին Փառուխից, միեւնույն է՝ ռազմավարական նշանակության բարձունքում նրանց տեղակայումը թույլ չի տալու շրջակա բնակավայրերում հայության խաղաղ եւ անվտանգ բնակեցումը։ Այդ բարձունքը կարեւոր նշանակություն ունի, քանի որ գերակա դիրք է զբաղեցնում նաեւ Ակնայի նկատմամբ։ Այսինքն՝ ռազմավարական նշանակության դիրքերի եւ բարձունքների գրավմամբ «Ադրբեջան» կոչվող ցեղասպան պետական միավորը ձգտում է կասեցնել մեր հայրենիքն ազատագրելու բոլոր ապագա փորձերը։ Նման գործելաոճը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի համար որեւէ նշանակություն չունեն իր իսկ ստորագրած փաստաթղթերը, դրանք գործիք են միայն մեզ զսպելու եւ հայկական հողում ավելի ամրապնդվելու համար։ Մարդկության պատմությունը, նաեւ մեր օրերում գրվող, վկայում է, որ իրական ուժը միմիայն նրա ձեռքին է, որի զինվորը կանգնած է այդ հողի վրա։ Փորձը ցույց է տալիս, որ բանակցությունների միջոցով ադրբեջանական զինված ուժերն անգամ մեկ մետր չեն հեռանա Արցախից, եթե նրանց չստիպեն զենքով կամ ուժի ցուցադրմամբ։ Եթե «մարսեն» Փառուխը, ապա այլեւս ոչ մի բանի առջեւ չեն կանգնելու՝ մինչեւ Արցախի վերջնական հայաթափումը։ Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքները, եւ այսօրվանից՝ մարտի 29-ից, Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Նման հայտարարությունները «Արցախգազ»-ը բնորոշել է որպես կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն, որը նպատակ է հետապնդում օգտվելու ստեղծված բարդ իրավիճակից եւ տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու արցախահայությանն ու միջազգային հանրությանը։ «Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է: Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային «SOCAR» ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որեւէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է: Նշված հաղորդագրությունը եւս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց եւ օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»,- ասված է «Արցախգազի» տնօրինության տարածած հայտարարության մեջ։ Բնականաբար, այս ճանապարհով Ադրբեջանը խեղաթյուրում է իրողությունները, ապակողմնորոշում միջազգային հանրությանը՝ Արցախում հումանիտար ճգնաժամը ներկայացնելով իբրեւ իր ներքին խնդիր։ Իրականում Արցախի Հանրապետությունում գազամատակարարման վերականգնումը ինքնին որպես փաստ արմատապես տարբեր կարող է լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որ գազատարից է դա իրականացվելու։ Վիճակը նետված է։ Հետագա սրացումները նշանակելու են ռազմական գործողությունների վերաբացում մեր տարածաշրջանում, բայց այս անգամ նաեւ ռուսական կողմի անմիջական ներգրավմամբ։ Ի դեպ, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու ջանքերը չեն դադարում. Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը նման կոչով դիմել էր Վրաստանին եւ Մոլդովային։ Թբիլիսին բացասաբար է արձագանքել Դանիլովի կոչին: «Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու Վրաստանին ուղղված կոչը չի բխում վրաց ժողովրդի շահերից»,- կիրակի օրը հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության խոսնակ, մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Սարջվելաձեն։ Նրա կարծիքով՝ նման հայտարարությունները «սխալ են ու չարդարացված»։ Խորհրդարանական ընդդիմադիր «Բարեփոխումների խմբի» ներկայացուցիչ Թեոնա Ակուբարդիան նույնպես լրագրողներին ասել է, որ Վրաստանում եւ Մոլդովայում ռուսական երկրորդ ճակատ բացելու կոչերը «անհիմն եւ բարոյապես չարդարացված հայտարարություն են»։ Վրացի քաղաքական գործիչների խոսքով՝ իրենք պատրաստվում են «տարածքները վերադարձնել բացառապես խաղաղ ճանապարհով»: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին հետ էր կանչել Ուկրաինայի դեսպանին Թբիլիսիից՝ կապված Վրաստանի կառավարության դիրքորոշման հետ, որը չէր միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, ինչպես նաեւ չէր ուղարկել Ուկրաինա վրացի կամավորների։ Մոլդովայի Սոցիալիստների կուսակցությունը դատապարտել է Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը, որով կոչ է արել Մոլդովային բացել ռազմական գործողությունների «երկրորդ ճակատը» Մերձդնեստրում՝ «Ռուսաստանին Ուկրաինայից շեղելու համար»։ Նշենք, որ անցած տարի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոմունիստների եւ սոցիալիստների դաշինքը երկրորդն է եղել՝ հավաքելով ձայների շուրջ 30 տոկոսը։ Նման հայտարարությունը համարել են «չեզոք բարեկամական Մոլդովայի Հանրապետությանը մոտ կանգնած երկու երկրների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ ռազմական աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձ»։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.   hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...