Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյառիտուն Կոնգրեսում բարձրաձայնել է Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին

Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին՝ թույլ չտալով Ադրբեջանի նոր ագրեսիան Արցախի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր, ազգությամբ բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյառիտուն՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի և հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների մասին:

«Ադրբեջանը օգտվում է Ուկրաինայի վրա միջազգային մամուլի շեղումից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա հարձակվելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը շաբաթներ շարունակ խախտում են 2020 թ. նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը: Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ («սատրապ») Ալիևին», — Թվիթերի իր էջում գրել է բասկ պատգամավորը:

Շաբաթներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն սրում է ռազմական, հումանիտար և բարոյահոգեբանական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ տարբեր միջոցներով փորձելով ահաբեկել արցախահայությանը: Արցախի իշխանությունները և իրավապաշտպանները դա որակում են իբրև ահաբեկման պետական քաղաքականություն Արցախի բնակչության դեմ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի բնակչությունը երկու անգամ զրկվել է ջեռուցումից և մասնավորապես գազամատակարարումից: Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը մի քանի անգամ գնդակոծել է հայկական մի շարք բնակավայրեր և համայնքների ճանապարհները, մասնավորապես՝ Ասկերանի շրջանի խրամորթ, Խնապատ և Նախիջևանիկ գյուղերը, Մարտունու շրջանի Խնուշինակ, Թաղավարդ, Կարմիր Շուկա գյուղերը: Լարվածությունը կտրուկ աճեց, երբ մարտի 24-ին ադրբեջանական զորքերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժեցին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Մարտի 27-ին ռուսական խաղաղապահ զորակազմը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխից:

Ձեզ կհետաքրքրի...