Թուրք վերլուծաբանը Ermenihaber.am-ի հետ խոսել է հայ-թուրքական երկխոսությունից

Verlucaban

ՄԱՍ 1-ին

  Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող և վերլուծաբան Ֆեհիմ Թաշթեքինն է։ Հարցազրույցը բաղկացած է երկու մասից։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի 1-ին մասը

Ո՞վ է Ֆեհիմ Թաշթեքինը

Թաշթեքինը ծնվել է 1972թ. Էրզրումի Օլթու շրջանում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Լրագրությամբ սկսել է զբաղվել 1994թ.-ից։ Աշխատել է թուրքական այնպիսի առաջատար լրատվամիջոցներու, ինչպիսիք են՝ Hurriyet-ը, Yeni Safak-ը, Radikal-ը և այլն։ Որոշ ժամանակ աշխատել է «Կովկաս» լրատվական գործակալությունում՝ որպես  հիմնադիր խմբագիր։ Նա այժմ շարունակում է հոդվածներ հրապարակել թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» և «Al Monitor» լրատվական կայքերում։ Հեղինակել է մի շարք գրքեր։ 

— 2020թ. 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց է մեկնարկել: Ի՞նչ առանցքային տարբերություններ կան այս և նախորդ գործընթացների միջև:

— Ներկայիս բանակցություններն ընթանում են 2020թ. պատերազմից հետո ստեղծված նոր պայմանների հիման վրա։ Լուծման հիմքերի վերաբերյալ պարամետրերը զգալիորեն փոխվել են։

2009 թվականին Շվեյցարիան և արևմտյան երկրներն ունեին հարաբերությունների կարգավորումը միջնորդող և դյուրացնող դեր։ Այժմ Թուրքիան և Հայաստանը, հատուկ ներկայացուցիչներ նշանակելով, գործընթացն ինքնուրույն առաջ տանելու կամք են դրսևորել։ Իհարկե, այս անգամ անմիջականորեն ներգրավված է նաև Ռուսաստանը։ Այն, որ կողմերի միջև առաջին հանդիպումը սկսվել է Մոսկվայում, այլ դինամիկայի մասին է վկայում։ Կովկասում մի գործընթաց, որում ներգրավված չէ Ռուսաստանը, առաջընթացի շանս չունի։

2009թ. կարգավորման գործընթացի արձանագրությունների ստորագրման ժամանակ գործընթացն առաջ մղելու ճանապարհին «ականներ» (խոչընդոտներ-խմբ.) կային։ Օրինակ Էրդողանը, Բաքվում՝ Ադրբեջանի խորհրդարանում ելույթ ունենալիս, արձանագրությունների հաստատման գործընթացի ավարտը կապել էր «Ղարաբաղի և հարակից շրջանների օկուպացիային վերջ դնելու» պայմանի հետ։ Իսկ հայկական կողմում Սահմանադրական դատարանն օգտագործվեց որպես միջամտության գործիք, որը սաբոտաժի ենթարկեց գործընթացը։ Իրականում երկու կողմերն էլ ո՛չ հոգեբանորեն և ո՛չ էլ քաղաքականորեն պատրաստ չէին հարաբերությունների կարգավորման նոր մեկնարկին։

Էրդողանի վարչակազմը շատ էր կարևորում Արևմուտքի աջակցությունը։ Նրա համար կարևոր էր, որ Վաշինգտոնում պահպանվի դրական մթնոլորտը։ Կիպրոսի և Հայաստանի հարցում նախորդ կառավարություններից տարբերվող և ավելի համարձակ քայլերի իրականացումը հիմնական պատճառներից մեկն էր, որ Էրդողանը փորձի լեզու գտնել Արևմուտքի հետ։ Սակայն Էրդողանը նաև երկկողմ շահերի ազդեցությամբ ցույց տվեց, որ ի հեճուկս Ադրբեջանի, չի կարող քայլ անել։

— Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

— Եթե հարցը Թուրքիայի տեսանկյունից դիտարկենք, ապա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը վերացվել է։ Այս խոչընդոտն այն էր, որ Ադրբեջանի շրջանները գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ։ Հիմա երբ արդեն այս շրջաններն անցել են Ադրբեջանին,  Էրդողանն այլևս ոչ մի պատրվակ չունի։ Անշուշտ չեմ ցանկանում ասել, որ Էրդողանը Հայաստանի հետ ձեռք կսեղմի՝ ամբողջովին անտեսելով Ադրբեջանի դիրքորոշումը։ 2020թ. ստորագրված հրադադարի համաձայնագրի պահանջների կատարումը կարևոր է դառնում։

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...