Ըստ այդմ, փաստացի ստացվում է, որ ապրիլի 5-ի հանրահավաքը ապրիլի 6-ին Բրյուսել բանակցության մեկնող Փաշինյանի հանրային վստահության խթանում է

Hanrahavaq
 Գուցե տեսակետս հնչի տարօրինակ, բայց կարծում եմ խոշոր հաշվով այդքան էլ վատ չէ, որ ապրիլի 5-ին Հայաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընդդիմության հանրահավաք: Այստեղ իհարկե դիտարկվում է այն, թե ինչպես կարելի է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ իշխանության դեմ հանրահավաք անել Երեւանում:
Կարելի է: Այդտեղ ոչ միայն չկա ողբերգություն, այլ դրանից հնարավոր է քաղել անգամ որոշակի էֆեկտ: Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը որքան աշխուժանում է, այնքան «քարտ բլանշ» է տալիս մեծամասնությանը: Գաղտնիք չէ, որ ներկայիս մեծամասնության հանրային վարկի «հիմքը» մնացել է նախորդ համակարգի հանդեպ անվստահությունն ու մերժումը:
Ըստ այդմ, փաստացի ստացվում է, որ ապրիլի 5-ի հանրահավաքը ապրիլի 6-ին Բրյուսել բանակցության մեկնող Փաշինյանի հանրային վստահության խթանում է: Հասկանալի է, եթե բանը չի հասնում անկարգությունների հրահրման:
Ինչ արդյունք կտա առկա «բանաձեւով» մանեւրը, սա արդեն հարցի մյուս կողմն է: Բայց, ունենք այն դաշտը, որ ունենք, հետեւաբար պետք է կարողանալ ստանալ առավելագույնը հենց այդ դաշտում:
Կրկնեմ ավելի վաղ էլ բազմիցս արտահայտած կարծիքս, որ այս պատկերը եւ հարաբերակցությունը չունի երկարաժամկետ կենսունակություն, եւ Հայաստանում կենսական անհրաժեշտություն է «լեգիտիմ իշխանափոխության» հնարավորության ներուժի ձեւավորումը, ինչը պահանջում է որակապես այլ ընդդիմության ձեւավորում: Ցավոք, հայաստանյան հանրային մտքի եւ քաղաքական դաշտի գերակշռող մասում կա կարծիք, որ այդ հարցի լուծումը եղած քաղաքական ընդդիմությանը «վարչահրամայական տրամաբանությամբ» հեռացնելն է: Առերեւույթ, բավականին պարզ ու «հանճարեղ» լուծում է, ինչը սակայն «աչքաթող» է անում մի շարք մեծ ու փոքր կարեւորագույն գործոններ:
Որեւէ մեկին սկուտեղի վրա թե իշխանություն չեն մատուցում, եւ թե չեն մատուցում ընդդիմություն: Քաղաքականության մեջ ամեն ինչ ձեռք է բերվում տքնաջան ու հետեւողական աշխատանքով:

Ձեզ կհետաքրքրի...