Տարածվող «Լուսանի» նկարները հին են ու պատկերում են ռուսական «Բուռանին»․ Մեքենան ՀՀ-ում կհավաքվի, ոչ թե կարտադրվի․ Fip.am
Արդեն երկու օր է՝ համացանցի հայալեզու հատվածում ակտիվորեն քննարկում են «Լուսան» անվանմամբ բազմաֆունկցիոնալ լիաքարշ զինված մեքենաները։ Ըստ տարատեսակ հրապարակումների՝ նշված լուսանկարով մեքենաներն արտադրվում են Հայաստանում։ Այս թեման տարածվել է նաև տարբեր լրատվամիջոցներով։
Ըստ հրապարակումների՝ այս զրահապատ մեքենան ներկայացվել է նաև օրեր առաջ կայացած «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում։
Ուսումնասիրելով համացանցում և լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները՝ պարզ է դառնում, որ կոնկրետ այդ լուսանկարներում պատկերվածները Հայաստանում չեն արտադրվել։ Ավելին՝ այս լուսանկարները նախկինում հրապարակված են եղել սոցիալական ցանցերում։
Ոչ թե արտադրվելու, այլ հավաքվելու են Հայաստանում
Չարենցավանի հաստոցաշինական ընկերության տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը FIP.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ շատ մանրամասներ չի կարող ասել մեքենաների արտադրության հետ կապված, այդուհանդերձ նշեց, որ մեքենաները ոչ թե արտադրվելու, այլ հավաքվելու են Հայաստանում․ «Կարամ ասեմ մի բան, որ ունենք արդեն համաձայնություն, որ իրավունք ունենք նման ավտոմեքենաներ արտադրելու, այսինքն ոչ թե արտադրանք, այլ մեքենաների հավաքում ՀՀ-ում։ Ունենք պայմանագիր և այս տարի՝ երևի մեկ ամսից, կսկսենք հավաքել մեքենաները»։
Ընկերության տնօրենի խոսքով՝ ռուսաստանյան «Բուռան» մեքենաներն արտադրող կազմակերպությունը մեքենաների նախագծերն ու ինժեներական բոլոր փաստաթղթերը տալիս է տարբեր երկրներում գործող նմանատիպ կազմակերպություններին, այդ թվում՝ տվել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանին։
«Մենք ունենք պատվեր և մեկ ամսից հետո էդ պատվերը կատարելու ենք։ Մենք 2 հատ հավաքել ենք, փորձարկումը կատարել ենք անցյալ տարի։ Փորձարկումներն անցել են դրական, որի հիման վրա կնքել ենք պայմանագիր»,- ասաց Մեհրաբյանը։
Ինչ վերաբերում է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին իրենց մասնակցությանը, ապա Մեհրաբյանն ասաց, որ իրենք ոչ մի բան չեն ներկայացրել, «որովհետև դրա կարիքը չունեն»։ Ներկայացվել են միայն մեքենայի մակետը և Հայաստանում կատարված փորձարկման տեսահոլովակները։
Այսպիսով՝ տարածվող լուսանկարների զրահապատ մեքենաները ռուսական արտադրության են, որոնք առաջիկայում ոչ թե կարտադրվեն, այլ պարզապես կհավաքվեն նաև Հայաստանում։
Նարեկ Մարտիրոսյան
Fip.am