Գույքի պահպանության պարտականություններն անբարեխիղճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի «Պլաստմասսաների գործարան»` սնանկ ճանաչված ԲԲԸ տարածքի սեփականատերը, գույքագրման վերաբերյալ կազմված արձանագրությունն իր ստորագրությամբ հաստատելով, ստանձնել է գույքագրված` ընդհանուրը 26.823.500 ՀՀ դրամ արժողությամբ գույքի պատասխանատուի պարտականությունները: 2016 և 2019 թվականներին պարտատերերի հանձնաժողովի կողմից կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ տարածքի սեփականատերն իր՝ վերոհիշյալ պարտականությունները կատարել է անբարեխիղճ և անփույթ, ինչի արդյունքում տեղի է ունեցել ընկերության գույքագրված ապրանքների՝ ընդհանուր 17.600․000 ՀՀ դրամ արժողության գույքի հափշտակում։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186.1 հոդվածով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: