Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է նախապատրաստում
Գյումրիում շենքերի վրա «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում:
«Կատարվել են դեպքի վայրերի զննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ գրող անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրաբար այդ կայքերի իսկությունը, հասանելիությունը պարզելու ուղղությամբ»,- նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նման գրառումների մասին ահազանգ այս պահին միայն Գյումրիից են ստացել:
Պատասխանատուն նաև հայտնեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդյունքներ արդեն ունեն. հայտնաբերվել են անձինք, ովքեր այդ ալիքներով ձեռք են բերել թմրամիջոցներ, կան մեղադրյալներ, դատարան ուղարկված գործեր: Այս պահին այդ գործերով անցնող անչափահասներ, բարեբախտաբար, չկան: