ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով: Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ:
Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։
Հիշեցնենք՝ 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
Բանտում ավելի քան երկու տարի անցկացնելուց հետո նա համաներմամբ ազատ էր արձակվել։ Եվրոպական դատարանը գտել էր, որ 2008 թ. մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները:
Ըստ վճռի՝ Նիկոլ Փաշինյանը ենթարկվել է հետապնդման նաև նրա համար, որ ակտիվորեն ներկայացրել է իր քաղաքական դիրքորոշումները։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան