Իսրայելը 2021 թվականին վաճառել է 11,3 միլիարդ դոլարի զենք՝ նաև Ադրբեջանին

Drone

  Իսրայելը 2021 թվականին վաճառել է 11,3 միլիարդ դոլարի զենք, ինչը 3 միլիարդ դոլարով ավելի է, քան 2020 թվականին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Իսրայելական զենքի արտահանումը 2021 թվականին հասել է նոր ռեկորդի՝ կազմելով 11,3 միլիարդ դոլար: Ստորագրված նոր համաձայնագրերի թիվը 2020 թվականի համեմատ աճել է ավելի քան 30 %-ով»,-ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ 2021 թվականին Իսրայելի ռազմական արտահանման հիմնական մասը եղել է «հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր (20%), ուսումնական ծառայություններ (15%), անօդաչու թռչող սարքեր և անօդաչու համակարգեր (9%), ռադարներ և էլեկտրոնային պատերազմի միջոցներ (9%), կառավարվող ինքնաթիռներ և ավիոնիկա (9%), հսկողության սարքեր և օպտոէլեկտրոնիկա (5%), մարտական մոդուլներ և արձակող սարքեր (7%), տրանսպորտային միջոցներ և զրահափոխադրիչներ (7%), կապի համակարգեր (6%), հետախուզական և կիբեր համակարգեր (4 %), զինամթերք (4%)»։

Մամուլի ծառայությունը հավելել են, որ 2021 թվականին Իսրայելի պաշտպանական արտահանման 34%-ն ուղարկվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ, 41%-ը՝ եվրոպական երկրներ, 12%-ը՝ Հյուսիսային Ամերիկա, 3%-ը՝ Աֆրիկա, ևս 3%-ը՝ Լատինական Ամերիկա: Բացի այդ, անցյալ տարի իսրայելական զենքի հոսքի 7%-ը բաժին է ընկել արաբական երկրներին, որոնք ստորագրել են Աբրահամի համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ իսրայելական զինատեսակների՝ ԱԹՍ-ների, կառավարվող հրթիռների, ռադարների և զրահամեքենաների հիմնական գնորդներից է նաև Ադրբեջանը:

 

magnis.news

Ձեզ կհետաքրքրի...