Սերբիան դառնում է չինական հրթիռների առաջին օպերատորը Եվրոպայում . hhpress

Belgradum

  Հանգստյան օրերին Բելգրադի Նիկոլա Տեսլա օդանավակայանում նկատվել են երեք չինական «Y-20» ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ։ Լրատվամիջոցները եւ ռազմական փորձագետները հայտնել են, որ ապրիլի 9-ի վաղ առավոտյան Չինաստանի ռազմա-օդային ուժերի «Y-20» վեց տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բելգրադի օդանավակայանում, որոնք, ըստ տեղեկությունների, Սերբիայի զինված ուժերին են մատակարարել բարձր ճշգրտության «HQ-22» զենիթահրթիռային համակարգեր: Չինական «երկիր-օդ» հրթիռային համակարգը հաճախ համեմատում են ամերիկյան «Patriot»-ի եւ ռուսական С-300-ների հետ, թեեւ այն ավելի կարճ հեռահարություն ունի։ Այսպիսով՝ Սերբիան դառնում է Եվրոպայում չինական հրթիռների առաջին օպերատորը։ «Y-20-ի հետ կապված օպերացիան անակնկալ էր, քանի որ նրանք խմբային թռիչք կատարեցին, այլ ոչ թե մեկ ինքնաթիռի թռիչքների շարք: Եվրոպայում ցանկացած թվով «Y-20»-ների առկայությունը նույնպես դեռեւս բավականին նոր երեւույթ է»,- նշում են արեւմտյան ռազմական դիտորդները: Սերբ ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ռադիչն էլ հայտարարել է, որ «չինացիները ուժի ցուցադրություն են իրականացրել»։ Ինչպես գրում է «Edaily»-ն, զենքի մատակարարումները ՆԱՏՕ-ի անդամ առնվազն երկու երկրների՝ Թուրքիայի եւ Բուլղարիայի տարածքով, փորձագետների կողմից դիտվել են որպես Չինաստանի աճող՝ համաշխարհային ազդեցության ցուցադրություն: Կարող ենք փաստել, որ սա բավական ազդեցիկ եւ խոսուն քայլ է Չինաստանի կողմից, որի արտաքին քաղաքականության հիմքում մինչ այս ընկած էին առավելապես «փափուկ ուժի» կիրառումը եւ տնտեսական էքսպանսիան։ Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր նոր տեխնոլոգիայի ցուցադրության մասին, որն անվանել էր «Սերբիայի տրամադրության տակ գտնվող ամենահզոր զենքը» եւ զինված ուժերի «նորագույն հպարտությունը»։ Փաստացի դրանով նա անուղղակիորեն հաստատել է միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգի մատակարարումը, որի գնման մասին պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռեւս 2019 թ.։ Թեեւ ԱՄՆ պաշտոնյաները 2020 թ. Բելգրադին զգուշացրել էին «HQ-22» հակաօդային համակարգեր ձեռք բերելու աննպատակահարմարության մասին՝ նշելով, որ եթե Սերբիան իսկապես ցանկանում է անդամակցել Եվրամիությանը եւ այլ եվրատլանտյան կառույցների, ապա պետք է իր ռազմական տեխնիկան համապատասխանեցնի արեւմտյան չափանիշներին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն իրենց ազդեցությունն են ունենում բոլոր խաղացողների որոշումների եւ հետագա քայլերի վրա, առավել եւս, որ ուկրաինական շարունակվող ճգնաժամի պայմաններում վտանգված է նաեւ Բալկանների փխրուն խաղաղությունը։ Այստեղ եւս բախվում են գերտերությունների շահերը, կան սառեցված խնդիրներ, որոնց զարգացմանն ընդամենը մեկ կայծ է պակասում։ Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի տեխնիկայի կուտակումը տարածաշրջանում, Բելգրադը քայլեր է իրականացնում զինված ուժերի արդիականացման ուղղությամբ։ Շաբաթ օրը «Կրակե վահան» զորավարժությունների ավարտին նախագահ Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան մեկ տարի շարունակ բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ՝ 12 նոր «Rafale» կործանիչներ գնելու համար, եւ մտածում է եւս 12 օգտագործված ինքնաթիռ գնել մեկ այլ երկրից։ «Rafale» ինքնաթիռը «Dassault Aviation»-ի կողմից արտադրված երկշարժիչային բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը հագեցած է ժամանակակից զենքերով եւ նավիգացիայով, վերջին սերնդի ռադարով՝ սենսորների եւ ինքնապաշտպանական համակարգերի բարձր մակարդակի ինտեգրմամբ, ինչպես նաեւ զենքերի օգտագործման լայն հնարավորությամբ։ Այն նաեւ ունակ է մինչեւ 9.5 տոննա ծանրաբեռնվածությամբ առաքելություն իրականացնել եւ ունի ամենաքիչ ռադարային անդրադարձումը, ինչը մասամբ այն անտեսանելի է դարձնում: Բացի Ֆրանսիայից, այդ ինքնաթիռները շահագործվում են Եգիպտոսի, Քաթարի եւ Հնդկաստանի կողմից։ Մատակարարման պայմանագրեր են կնքվել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Հունաստանի եւ Խորվաթիայի հետ։ Սերբիայի նախագահը նաեւ հայտարարել է թուրքական անօդաչու թռչող սարքեր գնելու մասին, ինչպես նաեւ խնդրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին արագացնել մատակարարումները։ Եթե դա տեղի ունենա, ապա Սերբիան կդառնա յոթերորդ երկիրը, որի բանակը կստանա «Bayraktar TB2»-ը, որն օգտագործվել է Լիբիայում, Սիրիայում եւ Արցախում մարտերի ժամանակ, իսկ այժմ՝ Ուկրաինայում։ Անցյալ տարվա հոկտեմբերին հնարավոր մատակարարումների հարցը քննարկվել էր սերբական պատվիրակության՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, սակայն, ի վերջո, սերբերը գերադասել էին չինական «Rainbow» CH-92A հարվածային եւ CH-95 բազմաֆունկցիոնալ անիվներով թռիչք-վայրէջք կատարող անօդաչու թռչող սարքերը՝ ելնելով մի շարք տնտեսական եւ աշխարհաքաղաքական պատճառներից։ Այս առումով անսպասելի էր Վուչիչի հայտարարությունը բայրաքթարների վերաբերյալ։ Թերեւս սրանով Սերբիան ձգտում է դիվերսիֆիկացնել իր ռազմական ներուժը եւ խիստ կախվածության մեջ չհայտնվել որեւէ մեկից։ Առավել եւս, որ ներկայումս Սերբիան բավականին մեծ ճնշումների է ենթարկվում Արեւմուտքի կողմից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու պատճառով։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.  hhpress.am

 

Ձեզ կհետաքրքրի...