Սաղաթելյանը հայտնեց, թե Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ընդդիմությունն ինչ է պլանավորում անել

Ishxan

  ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Արցախում և Հայաստանում հանդիպելու են  ժողովրդի հետ, Արցախում՝ նաև քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն և Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր մեկնելուն:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ  մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը: Եվ այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր, նպատակահարմար չենք գտնում: Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել, և առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, Սյունիքում, այնուհետև Տավուշում և Գեղարքունիքում, այսինքն՝ Արցախում և Հայաստանի այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր: Ժողովրդի հետ հանդիպում, աշխատանք, անվտանգային հարցերի բարձրացում, Արցախում նաև, հավանաբար, տեղի կունենան խորհրդարանական լսումներ Արցախի թեմայով, կհանդիպենք Արցախի քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ միասին իրավիճակը քննարկելու համար»,-ասաց Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը հեռացել է այդ օրակարգից, իսկ իրենք գնում են այդ ճանապարհով: «Պետք է ամբողջ մեր հանրության ուշադրությունը սևեռենք Արցախի հիմնախնդրի վրա, սա  Հայաստանի անվտանգությունն է և մեր գլխավոր հարցն այսօր»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով իշխանական պատգամավորների արձագանքին  ընդդիմադիրների կողմից խորհրդարանի դահլիճում Արցախի դրոշը դնելու վերաբերյալ՝ Սաղաթելյանն ասաց, որ դա ձևական ակցիա չէ, շատ հստակ քաղաքական և ժողովրդական ուղերձ է  և այլ երկրներին, և օրվա իշխանություններին:

Ձեզ կհետաքրքրի...