Ալիևը հայտարարել է, թե Մինսկի խումբը փաստացի կարելի է համարել անվավեր

Aliev

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի կարելի է համարել անվավեր:

«Հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը թեև դե յուրե ուժի մեջ է, բայց դե ֆակտո այն կարելի է համարել անվավեր», — ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ գործունեության 28 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող համանախագահները հարյուրավոր անգամ այցելել են Հայաստան և Ադրբեջան:

«Արդյունքն ակնհայտ է՝ զրո: Ադրբեջանն ինքը ռազմաքաղաքական ճանապարհով լուծեց այս հակամարտությունը», — նշել է նա:

Երևանը դիմել է Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ նախաձեռնելու միջնորդությամբ:

Ադրբեջանի առաջնորդի խոսքով` պատերազմից ավելի քան մեկ տարի անց ԵԱՀԿ Մինսկի խմբից որևէ առաջարկ չի ստացվել. «Իսկ ներկայիս պայմաններում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փաստացի անգործունակ է, այս մասին արդեն խոսում են համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ այդ դեպքում խմբակային որևէ գործունեության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Ալիևը՝ ըստ էության նկատի ունենալով Ռուսաստանի արտգործնախարարի օրերս արած հայտարարությունը, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում:

Այս հայտարարությունից երկու օր անց Հայաստան ժամանեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը: Ապա Ֆրանսիան վերահաստատեց իր լիակատար հանձնառությունը՝ ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ ԱՄՆ-ն ևս հայտարարել է` պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:

Միաժամանակ Ադրբեջանի նախագահն այսօր գոհունակությամբ է խոսել Եվրամիության դերակատարության, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին. «Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպման վերջնական հայտարարությունում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է. Ադրբեջանն ընդդիմանում էր դրան: Չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա ևս բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծված է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, ամփոփելով բրյուսելյան բանակցությունները՝ հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պիտի դառնան բանակցությունների առարկա:

Աղբյուր՝ azatutyun.am

Ձեզ կհետաքրքրի...