Իլհամ Ալիև. «Հայաստանի զինումը կհամարենք ոչ բարեկամական քայլ»

Aliev

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այլ երկրների կողմից Հայաստանին զենք տրամադրելը կհամարի ոչ բարեկամական քայլ: Այդ մասին նա ասել է 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովում:

«Կարծում եմ` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պետք է վերջ տալ Հայաստանի զինմանը: Հայաստանը չունի զենք գնելու փող և երբեք չի ունեցել: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա: Հարց է ծագում՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան փող: Եթե Հայաստանին նորից տրամադրվեն սպառազինվելու միջոցներ, մենք դա կհամարենք ոչ բարեկամական քայլ և համապատասխանաբար կգործենք»,- ասել է Ալիևը ելույթում, որը հեռարձակել է «Ազ ՏՎ» հեռուստաալիքը:

Ալիևի փոխանցմամբ, եթե Երևանին չտրամադրեին զենք գնելու այդքան վարկեր, գործը պատերազմին չէր հասնի:

Միաժամանակ Ալիևը պնդել է, թե «Ադրբեջանը՝ որպես սեփական միջոցների հաշվին ապրող պետություն, բանակաշինությանը կտրամադրի այնքան միջոցներ, որքան անհրաժեշտ կհամարվի»:

Իր այսօրվա ելույթում Ալիևը նաև հույս է հայտնել, որ սահմանազատման և խաղաղության պայմանագրի հարցերով աշխատանքային խմբերի ձևավորումը կավարտվի մինչև ապրիլի վերջ և դրանք կսկսեն գործել:

«Ցանկացած դեպքում մենք կողմ ենք, որ առանց ժամանակ կորցնելու սկսենք լուծել այդ հարցերը»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը:

Աղբյուր՝ azatutyun.am

Ձեզ կհետաքրքրի...