Ուրուգվայի ԱԳ նախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայ համայնքին ուղղված ազգայնական ժեստը
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը:
El Pais-ը գրում է, որ նախարարը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է՝ Ուրուգվայը հիշողությունը հարգող, նաև խաղաղության ձգտող և ապագայի երկիր է:
«Մեր երկիրն առճակատումների դեպքում հաշտեցումը նախընտրող երկիր է: Մենք քարոզում ենք փոխըմբռնում, հանդուրժողականություն և հույս ունենք, որ նրանք, ովքեր այցելում ենք այս երկիր, որտեղ քարոզվում է խաղաղություն, վարվեն նույն կերպ:
Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»,- ընդգծել է Բուստիլյոն՝ անդրադառնալով Չավուշօղլուի ազգայնական ժեստին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ծաղրել էր Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։ Մեքենայով դուրս եկող Չավուշօղլուն, տեսնելով՝ ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել «մարդասպան», ի պատասխան վանկարկումների՝ լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը:
Այս նացիստական ժեստից հետո Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուին ապրիլի 25-ին կանչել էր ԱԳՆ՝ Էստևեզի պալատ։