Թուրք պատգամավոր. «Պետք չէ անպայման հայ լինել «Հայոց ցեղասպանություն եղել է» ասելու համար»
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter սոցկայքում։
«Իմ սրտում զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, որոնք կորցրեցին իրենց կյանքը 1915թ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հարկավոր է, որ մենք առերեսվենք պատմության հետ և կարեկցանք ցուցաբերենք: Մենք պիտի զգայուն լինենք ամեն ցավի նկատմամբ»,- գրել է Գերգերլիօղլուն։
Համացանցում թուրք օգտատերերը կոշտ են արձագանքել ընդդիմադիր պատգամավորի համարձակ այս գրառմանը և նրան դարձրել ատելության խոսքի թիրախ։ Իսկ թուրքական մի շարք լրատվամիջոցներ նրա գրառումը որակել են սկանդալային։
Հիշեցնենք, որ Գերգերլիօղլուն 2017թ. ապրիլի 24-ին, երբ դեռ պատգամավոր չէր, դարձյալ ցավակցող գրառում էր արել՝ մասնավորապես ասելով.
«Պետք չէ անպայման հայ լինել, որպեսզի ասել «Հայոց ցեղասպանություն եղել է»։ Արդար մտածող ամեն մի մարդ, ով անաչառ է նայում պատմությունը, դա կընդունի, պիտի ընդունի»։