Ռուս փորձագետի բացառիկ հարցազրույցը Ermenihaber-ին՝ հայ-թուրքական թեմայով

Rus pordzaget

  Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի և ճանաչման գործընթացի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների  շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է ռուս փորձագետ Անդրեյ Արեշևի հետ։

— 2021թ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչյորսյա ուղերձից հետո, երբ մի շարք կարևոր դերակատարներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ հեռանկար եք կանխատեսում ճանաչման գործընթացի համար:        

— Նախևառաջ կցանկանայի ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ջո Բայդենն ԱՄՆ-ի առաջին նախագահը չէր, ով առաջինն օգտագործեց ցեղասպանություն եզրույթը, Բարաք Օբաման օգտագործել էր «Մեծ Եղեռն» եզրույթը, իսկ նրանից առաջ էլ Ռոնալդ Ռեյգանն  էր այն կիրառել:

Սակայն պրակտիկ քաղաքականության տեսանկյունից այս ամենն էական դեր չի խաղացել թուրք-հայկական հարաբերություններում։ Ընդհանուր առմամբ, պետք է հասկանալ, որ այս ամենն էական դեր չի խաղում արևմտյան երկրների քաղաքականության մեջ, որոնք օգտագործում են Հայկական հարցը հայ հասարակության շրջանում իրենց համակրանքը մեծացնելու համար։

Այնուամենայնիվ միևնույն ժամանակ պետք է նշել, որ այդ ամենը գրեթե ազդեցություն չունի արևմտյան տերությունների պրագմատիկ կուրսի վրա, որոնց համար Թուրքիան Մերձավոր Արևելքում առանցքային դաշնակիցներից է։ Ի դեպ, այժմ մենք տեսնում ենք, որ ուկրաինական ճգնաժամի համատեքստում Թուրքիայի հասցեին հաճոյախոսական հրապարակումների թիվը կտրուկ աճել է։

Միևնույն ժամանակ արևմտյան քաղաքական գործիչները մշտապես ընդգծում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Ի դեպ, Ռուսաստանի դիրքորոշումը մոտավորապես նույնն է այս հարցում:

Ինչպես հայտնի է, 2009-2010թթ.  ֆուտբոլային դիվանագիտության տարիներին հայ-թուրքական բանակցային գործընթացում ակտիվություն նկատվեց, և այժմ գործընթացը կրկին ակտիվացել է։ Առաջիկայում կլսենք որոշ ուժերի զգացմունքային հայտարարություններ և գործողություններ։ Սակայն այս ամենը պրակտիկ քաղաքականության վրա ազդեցություն չի ունեցել և չի էլ ունենա։

— Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ճանաչման գործընթացի վրա հայ-թուրքական կարգավորման գործընթացը:    

— Կարծում եմ, որ այս ամենը բացասական հետևանքներ կունենա, քանի որ նման նախադեպեր մենք տեսել ենք նախկինում, հայ-թուրքական շփումների ակտիվացման շրջանում, որոնք ի սկզբանե նախաձեռնել էին արևմտյան դերակատարները։ 

Նրանք չէին ուզում խանգարել, իրենց կարծած դրական այն քայլերին, որոնք, ըստ էության, հնարավորություն չունեին ազդելու հայ-թուրքական գործնական բանակցությունների վրա։ Այստեղ պետք է հասկանալ, որ հայ-թուրքական բանակցությունների գործընթացում այն լավատեսությունը, որը կիսում էին թուրքական որոշ լրատվամիջոցներ, այդքան էլ ակտուալ չէ։

Կարծում եմ՝ մինչև Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք կարող են անակնկալներ մատուցել, մենք դժվար թե այստեղ որևէ առաջընթաց տեսնենք։ Եվ հարկ է նշել, որ պաշտոնական Երևանն այս հարցում  որոշակի զգուշավորություն է ցուցաբերելու հատկապես ներհայաստանյան այն քաղաքական գործընթացների համատեքստում, որոնք սպասվում են առաջիկա ամիսներին:

Օրերս մենք տեսանք Իշխան Սաղաթելյանի և մի քանի այլ քաղաքական գործիչների հայտարարությունը զանգվածային բողոքի ակցիաներ սկսելու մասին, որոնք թեև ուղղակիորեն կապված չեն ցեղասպանության խնդրի հետ, այնուամենայնիվ անուղղակիորեն կապված են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական ժամանակակից բանակցությունների և գործընթացի հետ։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...