Գնվել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ. մեղադրանք է առաջադրվել ՊՆ և ԶՈՒ պաշտոնատար անձանց
2021 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 04.05.2017 թ. թիվ 526-Ն որոշման պահանջները և մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ:
Դրա արդյունքում 2021 թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Բացի այդ, պարզվել է, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021 թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ:
Դրա շրջանակներում դեռևս 2021 թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում՝ 2021 թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 216-րդ հոդվածի (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) 3-րդ մասի 1-ին կետով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին:
Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022 թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։