Բաքվի և Երևանի միջև առկա են սկզբունքային տարաձայնություններ ԼՂ կարգավիճակի շուրջ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության թեմային։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների՝ Էնդրյու Շոֆերի և Բրիս Ռոքֆոյի դիվանագիտական բարձր ակտիվությունը փաստացի կաթվածահար արեց երեք միջնորդների երբեմնի լավ համակարգված աշխատանքը։ Մենք արձանագրեցինք Բրյուսելի անամոթ փորձերը՝ յուրացնելու ռուս-հայ-ադրբեջանական ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների թեման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անցյալ տարի առաջարկված օրակարգը»,- ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով, ռուսական կողմը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք իրական արդյունք են ապահովում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին։
«Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Մենք տեսնում ենք մեր դերակատարությունը կողմերի մերձեցման հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Աջակցություն ցուցաբերելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ Դրանք պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից։
Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար»,- ասել է Զախարովան։