Ռուսաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան կիրառում են լրատվամիջոցների զավթման ծայրահեղ միջոցներ. Զեկույց

Zekuyc

Radar Armenia    Եվրախորհրդի (ԵԽ) «Ի նպաստ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակ»-ը օրերս հրապարակել է «Մամուլի ազատության պաշտպանությունը լարվածության ու հակամարտությունների ժամանակներում» անունը կրող տարեկան իր զեկույցը: Այն ափմոփում է 2021թ.-ի ընթացքում ԵԽ-ի անդամ երկրներում արձանագրված խոսքի և մամուլի ազատության և լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքեր։ Հաղորդում է Ամերիկայի ձայնը։ 

ԵԽ-ի «Ի նպաստ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակ»-ը ստեղծվել է ԵԽ-ի կողմից 2015 թ.-ին՝ իր մեջ ընդգրկելով խոսքի ազատության և լրագրողների պաշտպանության ասպարեզում գործող հասարակական բազմաթիվ կազմակերպություններ, կառույցներ և միություններ:

Հարթակի հրապարակված տարեկան զեկույցը պնդում է, որ անցած տարում ԵԽ-ի անդամ մի շարք երկրներում լրագրողները շարունակել են քրեական հետապնդումների ենթարկվել իրենց գործունեության համար: 2021թ.-ի դրությամբ ԵԽ-ի անդամ երկրներում կալանավորված են մնում 56 լրագրողներ կամ մամուլի ոլորտի աշխատակիցներ, որոնցից 34-ը՝ Թուրքիայում, յոթը՝Ռուսաստանի Դաշնությունում, տասը` Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական Ղրիմում, չորսը՝ Ադրբեջանում և մեկը՝ Միացյալ Թագավորությունում, ուր խոսքը Ջուլիան Ասանժի մասին է: Ըստ զեկույցի՝ այս ցուցանիշը զգալիորեն զիջում է 2020 թվականի վիճակագրությանը և կապված է Ադրբեջանում և Թուրքիայում անազատության մեջ գտնվող լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների պատժաչափերի ավարտման փաստի հետ: Դրա հետ մեկտեղ, զեկույցը տեղեկացնում է, որ 2021 թվականին 35 երկրներից ստացվել է 282 ահազանգ լրագրողների նկատմամբ բռնության և խոսքի ազատության խախտման մասին, որը 41%-ով գերազանցում է 2020 թ-ի ցուցանիշը: Անցած տարվա ընթացքում վեց լրագրողներ զոհվել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, որոնցից չորսը եղել են ուղիղ թիրախավորված: Հարթակը մտահոգված է այս ցուցանիշներով: Զեկույցը հաղորդում է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան լայնորեն օգտագործում են լրատվամիջոցները զավթելու միջոցը՝ այսպիսով հաստատելով գերիշխող դիրք լրատվական դաշտում ու քարոզչության ոլորտում: Արդյունքում, ըստ զեկույցի, այս երկրների լրատվական դաշտը բաղկացած է պետական լրատվամիջոցներից, ինչպես նաև անվանապես այսպես կոչված անկախ ԶԼՄներից, որոնք բոլորն էլ գործնականում հանդիսանում են պետական քարոզչամեքենայի մի մաս, գրում է զեկույցը: Փոքր թվով ու համեստ հնարավորություններով անկախ լրատվամիջոցներ պահպանվում են՝ բազմակարծության տպավորություն ստեղծելու համար, գտնում է զեկույցը՝ շեշտելով, որ այսօր Ռուսաստանում վտանգի տակ են անգամ այս փոքրաթիվ անկախ լրատվամիջոցները, որոնց պետությունը որակում է որպես «օտարերկրյա գործակալներ»՝ հենվելով համապատասխան հակասական օրենքի դրույթների վրա:

Ձեզ կհետաքրքրի...