Ցուցարարների կողմից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փորոցի խաչմերուկում կատարված խուլիգանության գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ,  խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվադողերով փակել են նշված ճանապարհը, այնուհետև հրկիզել դրանք:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ցուցարարներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու  և վերջիններիս  արարքին ևս գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...