Արթուր Դավթյանը Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահի հետ քննարկել է կոռուպցիայի, ակտիվների վերադարձման ոլորտում փոխադարձ աջակցության խնդիրները

Datakhazner

  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնական այցը Եգիպտոս շարունակվում է: Այսօր Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են անդրազգային հանցավորության, հատկապես կոռուպցիայի, փողերի լվացման, ակտիվների վերադարձման ոլորտներում ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀ վարչական վերահսկողության ծառայության միջև համագործակցության ծավալման խնդիրները: Դրանց շուրջ կողմերը փոխադարձ հետաքրքրություն էին արտահայտել 2021 թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի շրջանակում կայացած իրենց առաջին հանդիպման ընթացքում:

Արթուր Դավթյանը նշանակալի է համարել այն իրողությունը, որ իր այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Եգիպտոսը հանդիսանում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի ընթացիկ տարվա նախագահությունն ստանձնած երկիր: Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայությունը, որի ղեկավար Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին նախագահում էր նախորդ տարի կայացած վերոնշյալ համաժողովի հերթական նստաշրջանը, լրջագույն դերակատարում ունի այդ երկրի իրավապահ համակարգում և հատկապես հակակոռուպցիոն պայքարում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ կողմերը նշված ոլորտում կկարողանան ձևավորել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխադարձ աջակցության կայուն կառուցակարգեր: Նա շեշտել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, այդ համատեքստում Հայաստանից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձը ներկայումս ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից է: Այդ նպատակով ՀՀ դատախազությունն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը, որտեղ Եգիպտոսի հետ գործակցությունը կարևոր քայլ է արաբական մեծ աշխարհի հետ իրավական ոլորտում հարաբերությունները նոր որակի բերելու ճանապարհին:

Պարոն Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին վերահաստատել է երկու երկրների համար առաջնային համարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով ՀՀ դատախազության հետ հետագա համագործակցության խորացման հարցում իր ղեկավարած կառույցի շահագրգռությունը: Այս առումով նա ընդգծել է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև գործակցության իրավական բազայի ամրապնդմանն ուղղված քայլերը:

Ձեզ կհետաքրքրի...