Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման հարցում Չեխիայի քաղաքական աջակցությունը. Հակոբ Արշակյան

Chexia

  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 18-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Սենատի՝ մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ու Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ թե՛ բարեկամական խմբերի մակարդակով, թե՛ միջազգային տարբեր հարթակներում հայ-չեխական համագործակցությունն արդյունավետ զարգանում է: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման հարցում Չեխիայի քաղաքական աջակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը:

Անդրադառնալով մեր երկրում ազատ մամուլի դերին ու ժողովրդավարության ամրապնդման հարցում իրականացվող քայլերին՝ ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ 2018 թ. հեղափոխությունից հետո Հայաստանն առաջընթաց է արձանագրել այդ հարցերում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր մամուլը գերակշռում է դաշտում, և ընդդիմության ձայնն ամբողջովին լսելի է: Տարածաշրջանային և 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներից խոսելով՝ Հակոբ Արշակյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ազատ արձակման հարցը: Նշվել է, որ Human rights watch կազմակերպության վերջին զեկույցում փաստեր կան հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների և խոշտանգումների վերաբերյալ:

«Ակնկալում ենք մեր չեխ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող մեր ջանքերին»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Չեխիայի Սենատի փոխնախագահը նշել է, որ իր երկիրը նույնպես հետաքրքրված է Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց ազատ արձակման հարցով: Նրա խոսքով՝ որպես ԵՄ անդամ և քրիստոնյա երկիր՝ Չեխիան կարևորում է հայկական քրիստոնեական արժեքների պահպանումը: Շեշտվել է խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: Կարևորելով տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը՝ ԱԺ նախագահի տեղակալը վերահաստատել է Արցախի ազատությունն ու անվտանգությունը, Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման և իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու հայկական կողմի վճռականությունը:

Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի հարցը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ: Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար՝ նշելով, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումն այլընտրանք չունի:

«Մեզ համար ողջունելի են ձեր ձգտումներն ու քայլերը մեդիայի, ժողովրդավարության ոլորտներում, օրենսդրական դաշտի ժողովրդավարացման ուղղությամբ»,- շեշտել է Յիրժի Ռուժիչկան:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Ներկայացվել են երկրի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են մեդիաոլորտի խնդիրները, անդրադարձել ԶԼՄ-ների անկողմնակալ աշխատանքի համար իրականացվող օրենսդրական քայլերին ու միջոցառումներին: Կարևորվել է այս բնագավառում հայ-չեխական փոխգործակցությունը:

Ձեզ կհետաքրքրի...