ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. դեսպան Թրեյսիի հարցազրույցը «Արմենպրես»-ին
Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Այդ մասին Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին:
«Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված», — վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Դեսպանի խոսքով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտոնում համոզված են, որ տեւական հակամարտության հիմքում գտնվող խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները:
Դեսպան Թրեյսին շեշտում է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ պատրաստ է ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ երկրների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
— Տիկին դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Առաջին անգամն է, որ պատիվ ունեմ Ձեզ հետ անձամբ հանդիպելու: Այնպես որ, շնորհակալ եմ այս հրաշալի հնարավորության համար:
— Ես էլ շնորհակալություն եմ հայտնում «Արմենպրես»-ին այս հնարավորության համար եւ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին:
— 2019 թ. հունվարին, երբ տեղեկություն ստացանք Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի, այսինքն՝ Ձեր նշանակման մասին, տիկին Թրեյսի, ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը՝ իմ հոդվածում նկարագրեցի Ձեզ որպես խիզախ կին, «հերոսուհի դիվանագետ», որը դիվանագիտական ծառայություն է անցել Քաբուլում, Աֆղանստան, հետո՝ Փեշավարում, Պակիստան: Գիտեմ, որ այդ ընթացքում թիրախավորվել եք «Ալ Կաիդա» եւ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումների կողմից, նույնիսկ ահաբեկչական հարձակման եք ենթարկվել 2008 թ. օգոստոսին Փեշավարում, որտեղ ԱՄՆ հյուպատոսության գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էիք, սակայն չեք լքել Ձեր դիրքերը, որոշում եք ընդունել մնալ եւ ավարտին հասցնել Ձեր առաքելությունը՝ ի հեճուկս բոլոր սպառնալիքների, ինչի համար մեկ տարի անց՝ 2009 թվականին, արժանացել եք ԱՄՆ պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության մեդալի: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում՝ ունենալով այսպիսի հարուստ մասնագիտական փորձ, ինչպե՞ս է անցնում դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջանում՝ Աֆղանստանի եւ Պակիստանի հետ համեմատ եւ ինչպե՞ս կնկարագրեք դիվանագիտական առաքելության այս վերջին երեք տարիները Երեւանում:
— Մինչ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելն իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում, անշուշտ, առիթ եմ ունեցել աշխատելու մարտահրավերներով լեցուն, բայց եւ ուշագրավ մի շարք վայրերում: Ամեն մի երկիր ունի իրեն բնորոշ դժվարություններն ու հնարավորությունները, սակայն տարբեր պայմաններում ձեռք բերած դիվանագիտական փորձից նաեւ արժեքավոր դասեր եմ քաղել:
Ինչպես նկատեցիք՝ վերջին երկու տարին դժվարին ժամանակաշրջան էին Հայաստանի համար. հայ ժողովուրդը ՔՈՎԻԴ-19-ի համավարակից զատ, որը խաթարեց աշխատանքային առօրյան ու կենցաղը ողջ աշխարհում, 2020 թ. վերջին բախվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ մարտական գործողությունների վերսկսմանը, որն ավարտվեց փխրուն հրադադարով: Սա ակնհայտորեն անդրադարձավ նաեւ իմ աշխատանքի վրա՝ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի, սակայն այն նաեւ վերստին ընդգծեց դիվանագիտության կարեւորությունը եւ մասնավորապես՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը:
Չնայած այս մարտահրավերներին՝ ինձ համար պատիվ է ծառայել այստեղ որպես ԱՄՆ դեսպան, աշխատել մեր երկու երկրների ժողովուրդների համար կարեւոր հարցերի շուրջ եւ աշխատանքին զուգընթաց ծանոթանալ բազմաթիվ հոյակապ մարդկանց:
— Այս տարի Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ԱՄՆ-ը աշխարհի առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին, երբ նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ազգին հասցեագրված ուղերձով հայտարարեց Խորհրդային Միության կազմալուծման մասին: Բայց պատմությունն ասում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն: Ուրեմն, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական հարաբերությունները եւ ավելի լայն իմաստով հայ-ամերիկյան կապերը այս նշանավոր տարեդարձի կապակցությամբ:
— Ինչպես նկատեցիք՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նշում են մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, սակայն մեր ժողովուրդների փոխգործակցությունը շատ ավելի վաղ է սկիզբ առել: Հայաստանի հետ մեր փոխգործակցության ասպարեզում մենք 1991 թվականից կամ Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեծ առաջընթաց ենք ունեցել՝ ի հեճուկս առկա մարտահրավերներին:
Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված մեր փոխգործակցությունը եւ շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել: Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին եւ լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին: Մեր աջակցությունը ներառում է տարբեր ոլորտներ՝ ներառյալ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, իրավապահ բարեփոխումները, ներառական տնտեսական աճի խթանումը, միջազգային անվտանգության ապահովումը եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումն ու մարդասիրական օգնության ցուցաբերումը:
— Եվ ո՞ւր ենք մենք հասել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հետագա տասնամյակների համար:
— Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
— Մարտի 23-ին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ վիրտուալ նիստը, որի ընթացքում, ինչպես Միացյալ Նահանգների դեսպանությունն է հաղորդել, երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների ընթացիկ համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգային տիրույթում եւ դիտարկել փոխգործակցության ընդլայնման ուղիները՝ միտված ընդհանուր մարտահրավերների արձագանքմանը: Հաշվի առնելով Հայաստանի հետպատերազմական մարտահրավերները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում՝ շատ ուշագրավ է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ նման քննարկումներ են լինում բարձր մակարդակով: Կարո՞ղ են արդյոք նման քննարկումները նոր հեռանկարներ բացել հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար:
— Հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքում ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայություն են, սակայն մեր դրական փոխգործակցության օրակարգն այդքանով չի սահմանափակվում: Կայուն եւ ներառական տնտեսական աճի խթանում, առեւտրի եւ ներդրումների ավելացում, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովում, էներգետիկ անվտանգություն, բնական պաշարների պատասխանատու կառավարում, ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքար, ներդրումներ մարդկային ռեսուրսում՝ կրթության եւ աշխատուժի կատարելագործման միջոցով. ահա հայ-ամերիկյան փոխգործակցության լայն ու ընդգրկուն տիրույթը, որի ամրապնդման ուղղությամբ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որտեղ ամփոփվում են մեր փոխգործակցության բոլոր կողմերը, ընդգծում է մեր երկու երկրների փոխգործակցության արժեքն ու կարեւորությունը:
— Իսկ առհասարակ ո՞րն է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հիմնական նպատակը, դեպի ո՞ւր են դրանք տանում, այլ խոսքերով՝ նախաձեռնված քննարկումներն ունենալո՞ւ են որեւէ ենթադրյալ արդյունք:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. Armenpress