Հերթական անգամ նշմարվում է Հայաստանի խորհրդարանական ընդդիմության գործողությունների «սինխրոնություն» Բաքվի հետաքրքրությունների ուղղությամբ․ քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Բրյուսելում գնալով իրադրության քաղաքական կառավարման գործընթացի մեկնակետերի հարցում համաչափության շուրջ համաձայնության՝ Բաքուն անմիջապես հետո ձեռնմուխ է լինում այդ համաձայնությունները տորպեդահարելու: Բաքվի մոտիվը պարզ է. քաղաքական կառավարման աստիճանի բարձրացումը՝ որը ներառում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի մոտեցումների առկայություն քննարկումների սեղանին, էապես նվազեցնում է ռազմական շանտաժի գործիքի էֆեկտիվությունը:
Այդ ֆոնին, հերթական անգամ նշմարվում է Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մի գերակշռող մասի գործողությունների «սինխրոնություն» Բաքվի հետաքրքրությունների ուղղությամբ: Որովհետեւ, երբ տեղի է ունենում ներխուժում ԱԳՆ եւ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարություն անելու պահանջ փոխնախարարին, ապա այդ պահանջի «իրականանալու» դեպքում այն դառնալու է քաղաքական կառավարման հեռանկարին հարվածելու խաղաքարտ Բաքվի ձեռքին:
Ինքս հեռու եմ մտքից, թե այդ «սինքրոնությունը» ապահովվում է ուղիղ կապով: Կարծում եմ, որ «սինքրոնության» «միջնորդական» հետաքրքրվածությունը Ռուսաստանում է: Մոսկվայի համար մի կողմից կարեւոր է իրադրության քաղաքական կառավարելիությունը՝ եւ այդ հարցում կարծում եմ կա չբարձրաձայնված ընդհանուր հետաքրքրություն Բրյուսելի հետ, մյուս կողմից սակայն Մոսկվան ունի խնդիր թույլ չտալ, որ այդ կառավարելիության բարձրացումը լինի իր ազդեցության նվազման ռիսկով:
Այդ հանգամանքից էլ թերեւս օգտվում են ՌԴ իշխանական էլիտայի տնտեսա-քաղաքական խմբեր, որոնք ռուսական էլիտայում իրենց դիրքերը ապահովելու հարցում մշտապես խաղադրույքի մի էական մաս կատարել են ՌԴ պետական քաղաքականության հենց այդպիսի մոտիվացիաները սպասարկող ծառայություն մատուցելով՝ թե Ադրբեջանի, թե Հայաստանի նախկին կառավարող համակարգի մի թեւի հետ իրենց ունեցած կայուն եւ խորը կապերի ու բիզնես հետաքրքրությունների գործադրմամբ:
Ի դեպ, այդ հանգամանքով արտահայտվում է նաեւ այն, ինչի մասին խոսել եմ բազմիցս՝ ռուսական էլիտայի տարբեր խմբերի դիմակայության արտացոլվածություն Հայաստանի ներքաղաքական կյանքում: