Էրդողանը հերթական անգամ դատի կտա ընդդիմադիր առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի կտա գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ:
Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը հայտարարել է, որ իրենք Քըլըչդարօղլուի «զրպարտությունների» կապակցությամբ գնալու են իրավական ճանապարհով:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքի անդամները թուրքական «Ensar» և «TÜRGEV» կրթական հիմնադրամների միջոցով միլիոնավոր դոլարներ են տեղափոխում ԱՄՆ: Նա նաև ասել էր, որ Էրդողնի ընտանիքն արդեն մոտ 1 մլրդ թուրքական լիրային համարժեք դոլար է տեղափոխել երկրից՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում Էրդողանի պարտվելու դեպքում փախչել ԱՄՆ: