26 մլն դրամի չարաշահումներ՝ համավարակի ընթացքում հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է covid19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացված անձանց կեցության ապահովման և սննդի մատուցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման ոլորտը:
Ոսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 28.03.2020թ. որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսով (covid 19) պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 4 ընկերություններից ձեռք են բերվել սննդի մատուցման ծառայություններ: ՀՀ կառավարության 12.03.2020թ. թիվ 296-Ա որոշման հիման վրա վերը նշված գործարքները, համավարակով պայմանավորված, կատարվել են առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:
Նշված ընկերությունների կողմից 2020թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում դուրս են գրվել ընդհանուր թվով 23 հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր այն մասին, որ նշված ժամանակահատվածում Գոլդեն փելես, Զարթոնք, Ծաղկաձոր գրողների տուն, Ծաղկաձոր Նաիրի, Մարիոթ, Մինոտել, Նարե, Նորք Ռեզիդենս, Սպորտ Բազա հյուրանոցներում մեկուսացած ընդհանուր շուրջ 32.000 անձի տրամադրվել են շուրջ 149.000.000 ՀՀ դրամի սնունդ:
Հարկային հաշիվները և հաշիվ վավերագրերն ընդունվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից: Մինչդեռ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում առկա տվյալների համաձայն՝ վերը նշված հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացած անձանց թվաքանակը կազմել է շուրջ 26.000 մարդ: Այսինքն վերը նշված հյուրանոցներում մեկուսացած անձանց վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների և դուրս գրված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի համեմատությամբ պարզվել է, որ պետությունը շուրջ 6.000 անձի հաշվարկով շուրջ 23.000.000 ՀՀ դրամ ավել գումար է վճարել սննդի դիմաց:
Այսպիսով, ստացված փաստաթղթերը տվյալներ են պարունակում այն մասին, որ նշված ընկերությունների պատասխանատու անձինք, օգտվելով համավարակով ստեղծված իրավիճակից, կազմել և դուրս են գրել հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր, որոնցում գրառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ հյուրանոցներում շուրջ 6000 բացակա անձանց հատկացված սննդի վերաբերյալ:
Դրանք ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 23.000.000 ՀՀ դրամի վերը նշված բացակա անձանց համար նախատեսված սննդի գումարները: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, առանց ներկայացված տվյալների արժանահավատությունը ստուգելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագրերն ընդունել են՝ անզգուշությամբ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (3 դրվագ), 2- րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
ՀՀ գլխավոր դատախազություն