Ահաբեկչական պատասխան քաղաքակիրթ Եվրոպային. hhpress

Patasxan

  Մայիսի վերջին տասնօրյակում հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Բաքվից տարածվող կեղծ լուրերի հանգրվանը եղավ Առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28-ին ադրբեջանցի նշանառուի գնդակից շարքային Դավիթ Վարդանյանի սպանությունը: Դրանից ընդամենը մեկ օր առաջ մուսաֆաթական Ադրբեջանի հռչակման տարելիցին Իլհամ Ալիեւը եւ Թայիփ էրդողանը Բաքվում հերթական անգամ հպարտացան Արցախի ժողովրդի դեմ կազմակեպած համատեղ ագրեսիայի արդյունքներով՝ այն բնորոշելով երկու պետությունների եղբայրության խորհրդանիշ: Իր ծայրահեղական  դատողություններում Բաքվի առաջնորդն ավելի առաջ գնաց եւ կրկնեց ցնորամտության արգասիք հիշեցնող իր հայտնի դատողությունները, ըստ որոնց՝ 100- ամյա պատմություն ունեցող արհեստածին Ադրբեջանին են պատկանում ՀՀ ներկայիս սահմաններում գտնվող որոշ տարածքներ: Սրան հետեւեցին ադրբեջանցի նշանառուի թիրախավորված կրակը եւ հայ զինծառայողի սպանությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միանգամից հանդես եկավ հերքման հայտարարությամբ՝ պնդելով, թե ադրբեջանական զինուժը հրադադարը չի խախտել: Այստեղ աչք է ծակում Բաքվի ցինիկ պահվածքը: Ադրբեջանական պաշտպանական գերատեսչության այդ հայտարարությունը, ըստ էության, շաբաթներ շարունակ ՀՀ ՊՆ-ի՝ հրադադարի խախտման մասին ադրբեջանական կեղծ լուրերի հերքման հայտարարությունների կրկնօրինակումն էր: Հայաստանի Հանրապետությունը հերթական սադրանքի մեջ տեսավ իրավիճակը ապակայունացնելու փորձ եւ դեպքի հաջորդ օրը ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ամրագրեց. «Կարեւոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը եւ ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն»։ Փաստ է, որ Ադրբեջանը յաթաղան է ճոճում այն ժամանակ, երբ բանակցային գործընթացում իր օգտին առավելագույն արդյունքներ չի կարողանում ապահովել: ՀՀ հարավարեւելյան սահմանին, որտեղ սովորաբար հարաբերական կայուն վիճակ էր արձանագրվում, նման սադրանքի գնալը նշանակում է իրավիճակն ապակայունացնելուն միտված հստակ քայլ, այլ կերպ ասած՝ ուժի պարտադրանքով բանակցային գործընթաց վարելու փորձ, որը դատապարտված է ձախողման, քանի որ հակասում է ոչ միայն միջազգային համապատասխան իրավական նորմերին, այլեւ մարդկության ողջ պատմության ընթացքում արձանագրված բանակցային գործընթացների հայտնի բարոյական կանոններին: Մյուս կողմից էլ ամենեւին պատահական չէ, որ Ադրբեջանը նման քայլի գնաց բրյուսելյան հանդիպումից հետո, երբ արձանագրվեց որոշակի առաջխաղացում խաղաղության հաստատման ուղղությամբ գործողություններում, ինչի արդյունքում կազմակերպվեց առաջին երկկողմ հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին: Բաքվի՝ ահաբեկչության դասական կանոններով իրականացրած այս քայլն ուղիղ պատասխան էր Բրյուսելի միջնորդական ջանքերին, որոնք առավել ակտիվացել էին վերջին օրերին: Ադրբեջանը Եվրոպայի եւ քաղաքակիրթ աշխարհի խաղաղարար ջանքերին պատասխանում է ահաբեկչությամբ, ինչը չտեսնելու իրավունք աշխարհը չունի: Ինքնիշխանությունից զրկված Ադրբեջանը չի կարող չշարունակել իր «ավագ եղբոր»՝ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Անկարան այսօր դեմարշ է հայտարարել Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին՝ փորձելով առավելագույնը կորզել իր պետության շահի եւ ծանրագույն վիճակում գտնվող տնտեսության համար: Փաստորեն, միջազգայի հանրության կողմից 44-օրյա ագրեսիային ըստ էության չարձագանքելը եւ ոչ համարժեք գնահատականներ հնչեցնելը թյուրքական զույգի ձեռքերն ազատել են, եւ նրանք արդեն բացահայտ արհամարհում են միջազգային քաղաքակիրթ հանրությանը, հասել են այն աստիճանի, որ Եվրոպային դեմարշն անում են հայ զինվորին կյանքից զրկելու միջոցով:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...