Երևանի 2 բնակիչ զենքի սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացու տնից 90 հազար դոլար է հափշտակել, կա ձերբակալված. ՔԿ
Բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքը, որի մասին ահազանգը ստացվել է հունիսի 8-ին՝ ժամը 22:16-ին:
Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը:
Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. հունիսի 1-ին գազի կաթսան վերանորոգելու նպատակով Հնդկաստանի քաղաքացու բնակարան է այցելել մի տղամարդ: Որոշ ժամանակ անց՝ 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, նույն անձն ընկերոջ հետ կրկին այցելել է նշված բնակարան, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով փակել են տանտիրոջ բերանը, գոտիով կապել ոտքերը և հափշտակել, նախնական տվյալներով, 85.000-90.000 ԱՄՆ դոլար և 35.000 ՀՀ դրամ գումար ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Հնդկաստանի քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, նշանակվել փորձաքննություններ, օրենքով սահմանված կարգով վերցվել և զննվել են դեպքի վայրի հարակից հատվածներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 2000թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ավազակությանը մասնակից մյուս անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին