Ռոբերտ Խաչատրյանը և Ֆան Յոնգը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանման հնարավորությունները

Chinastani het

  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:
Անդրադառնալով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև  համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում փոխգործակցության դեռևս չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և առավել արդյունավետ օգտագործել դրանից բխող հնարավորությունները:
Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը շարունակական կլինի: Ֆան Յոնգը գոհունակությամբ նշել է, որ այս ապրիլին լրացել է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ընդգծել, որ անցած տարիների արդյունավետ և դինամիկ գործակցության հիմքի վրա երկկողմ հարաբերությունները հետագայում ևս կշարունակվեն ամրապնդվել և խորանալ:
Բարձր գնահատելով Չինաստանի հարուստ փորձը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ կողմերը քննարկել են տիեզերական արդյունաբերության, միկրոէլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի և մի շարք այլ ոլորտային ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։ 
Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախարարը և դեսպանը քննարկել են նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով կրթական ծրագրերի իրագործման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել «Հուավեյ տեքնոլոջիս Արմենիա» ընկերության կողմից իրականացված «Ապագայի ծիլեր» կրթական ծրագրին, որը հնարավորություն է տվել ընդլայնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում: 
Ռոբերտ Խաչատրյանը և Ֆան Յոնգը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու  նպատակով:

Ձեզ կհետաքրքրի...