Արմավիրի մարզում փրկարարներն ու ջրասուզակը մոտ 3 ժամ Եղեգնուտ գյուղի լճում փնտրեցին ու դուրս բերեցին 19-ամյա տղայի դին.
Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում գտնվող լճերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտություն է եղել, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվի ջրասուզակը: Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատը և նշված ջոկատի ջրասուզակ Խաչատուր Մուրադյանը: Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների թիվ 18 ջոկատի փրկարարները ջրասուզակի հետ մոտ 3 ժամ կատարեցին որոնողական աշխատանքներ: Ջրասուզակը մի քանի անգամ սուզվեց ջրի տակ, սակայն տեսանելիությունը շատ վատ էր, այնուամենայնիվ, մոտ 3 ժամ անց ջրասուզակին հաջողվեց հայտնաբերել երիտասարդի դին: Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը, բաժնի պետի տեղակալներ Թարվերդյանն ու Մովսիսյանը: Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Տիգրանյանի գլխավորությամբ: Փաստի առիվ Վ. Տիգրանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: