Ինչո՞ւ է թռիչքաձև աճել կարտոֆիլի արժեքը. գյուղատնտեսը պնդում է՝ չպետք է թողնել մեծ թվով արտահանում տեղի ունենա. armtimes

Kartofil

Մի քանի օր է՝ հանրության շրջանում ակտիվ քննարկվում է կարտոֆիլի բարձր գինը Հայաստանում: Երևանյան որոշ սուպերմարկետներում 1 կգ կարտոֆիլի գինը անգամ հասնում է 1000-3000 դրամի, իսկ սովորական մթերային խանութներում դրա արժեքը տատանվում է 500-600 դրամի սահմաններում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ներկայումս իրականացվում է կարտոֆիլի վաղահաս տեսակների բերքահավաք, որն այս պահին ընթացքի մեջ է:

«2022 թվականին ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության և 2021 թվականի ՀՀ ՎԿ տեղեկատվության համեմատությունը ցույց է տալիս, որ կարտոֆիլի ցանքատարածությունները 2022 թվականին գրեթե չեն նվազել։ Շուկայում կարտոֆիլի բարձր գինը կարող է պայմանավորված լինել Հայաստանի Հանրապետությունից 2021 թվականի ընթացքում արտահանված կարտոֆիլի մեծ ծավալներով, վեգետացիայի ուշացմամբ, ուշ բերքահավաքով, դիզելային վառելանյութի, կարտոֆիլի տնկանյութի, աշխատուժի աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութերի գնաճով, որը, նկատի ունենալով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագիրը»,- ասվում է նախարարության պարզաբանման մեջ:

Կառույցի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2022 թվականի եղանակային պայմաններով պայմանավորված՝ գյուղատնտեսական մշակաբույսերի, այդ թվում՝ կարտոֆիլի վեգետացիան երկարել է, ուստի կանխատեսվում է, որ առաջիկա օրերին բերքի մեծ ծավալը կհանգեցնի շուկայում գնի նվազմանը։

«Նշենք նաև, որ 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից կարտոֆիլի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 49,013 տոննա, որից 25, 828 տոննան՝ հունիսի 8-ի դրությամբ։ Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տեղեկատվության՝ 2022 թվականի հունիսի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 568 տոննա կարտոֆիլ»,- մանրամասնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն էլ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կարտոֆիլի գնի կտրուկ բարձրացմանը, նկատում է՝ այս տարի 49 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից, և տեղական շուկայում առաջացել է կարտոֆիլի դեֆիցիտ:

«Լարսի հետ կապված ներկրողները ռիսկի չդիմեցին ու կարտոֆիլ չներկրեցին, քանի որ այն կարող էր Լարսում մնալ շաբաթներով, իսկ տեղական վաղահաս կարտոֆիլն արդեն հասած լիներ: Ով վաղահաս ջերմատնային կարտոֆիլ ուներ կամ գերհասուն էր քաղել, դեֆիցիտի պայմաններում արժեքը բարձրացրեց, և ունենք այն, ինչ ունենք»,- ասում է գյուղատնտեսը:

Վերջինիս համոզմամբ՝ վաղահաս կարտոֆիլը շուտով կհասնի, և կդիտվի գնանկում. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մոտակա ժամանակներս կարտոֆիլի գինը 350-400 դրամից չի իջնելու»:

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.  Հայկական ժամանակ

 

Ձեզ կհետաքրքրի...