Վարչապետը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին` նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` իր գործիքակազմերի շրջանակում նպաստելու հնարավոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Գործարար խորհրդի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար խորհրդին ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր: