Շտապօգնության վճարված կանչերը կրկնակի մուտքագրվել են «Արմեդ»՝ պետությունից ապօրինի ստանալով 23 մլն դրամ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ:
Մասնավորապես՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության կողմից «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում 2022 թ. փետրվարի 21-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում «Լոկատոր» և «Արմեդ» համակարգերի համադրման միջոցով իրականացվել են 2018-2021 թթ. տնտեսվարողների հետ կնքված բժշկական 36 պայմանագրերի հիմքով մատուցվող վճարովի ծառայությունների և ՀՀ Կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1260-Ն որոշմամբ սահմանված կարգով քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների կատարման ընտրանքային ուսումնասիրություն:
2019-2021 թթ. պայմանագրային հիմքով 13 տնտեսվարողներին մատուցված ծառայությունների համար վճարված 9503 կանչերի, ինչպես նաև քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցված այլ ծառայությունների համար վճարված 22.612 կանչերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 2005 դեպք, երբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ ծառայողական փաստաթուղթ հանդիսացող կանչի թերթիկները ճիշտ չեն լրացվել: Մասնավորապես՝ արդեն իսկ վճարված կանչերի համար թերթիկները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ իբր պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայություն: Դրա հիման վրա ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունն ընկերությանը վճարել է լրացուցիչ ընդհանուր 23.267.750 ՀՀ դրամ գումար:
Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերվել են առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին վկայող տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութություն) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: