Փաշինյանի վրա ճնշում է եղել. «Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»
«Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրել, ու խնդիրը հասել է մինչև նոյեմբերի 9-ը։ Նաև ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք։ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ դա դատավճիռ կլինի իրենց ժառանգների համար և չեն ստորագրել, ու մտել է այդ լղոզված 9-րդ կետը։ Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին խոստում չի տվել, միջանցքի մասին խոստումը Ադրբեջանին ու Թուրքիային տվել է Վլադիմիր Պուտինը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով 44 օրյա պատերազմին ու հետագա զարգացումներին։
Նա նաև հավելում է, որ ՌԴ-ն Ադրբեջանին միջանցք է խոստացել, բայց չի կարողանում տալ, քանի որ Հայաստանն է ընդիմանում։ Արամ Սարգսյանի տեղեկություններով՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նախապես պատերազմը սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է եղել, բայց դրա մեջ չի մտել Հադրութի գրավումն ու Թուրքիայի կողմից Արաքս գետն անցնելնը և մշտադիտարկման կենտրոն հիմնելը։ Բայց եղավ, քանի որ Ռուսաստանն այսօր չի կարողանում հակադրվել Թուրքիային։