1,5 տարի ունենք Բերձորի և Աղավոյի բնակիչների և ճանապարհի խնդիրը լուծելու համար. Արմեն Գրիգորյան
Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը մենք նոյեմբերի 9-ից սկսած քննարկել ենք Արցախի մեր գործընկերների հետ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», — նշեց Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությանը, նշել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ըստ Գրիգորյանի, երբ փորձել են առաջ տանել խաղաղության օրակարգը, խոսել են հնարավոր խնդիրների մասին։
«Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որ խաղաղության օրակարգն առաջ տանենք», — ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով միջանցքային քաղաքականությանը, ԱԽ քարտուղարը վստահեցրեց՝ միջանցք ՀՀ տարածքում բացառվում է:
Գրիգորյանը հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ ապաշրջափակումը քննարկվել է և Մոսկվայում և Բրյուսելում. «Եթե հիշում եք, երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Նոյեմբերին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երևանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրմաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որևէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել և շարունակում է սա մնալ»,-ընդգծեց նա: