Վահան Քերոբյանը ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրենին
Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին ընդունել է «Մոսմետրոստրոյ» («Мосметрострой») ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:
Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ Երևանում նախատեսվում է կառուցել ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարան, ինչպես նաև բարելավել մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը։
Սերգեյ Ժուկովը ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ իրենք զբաղվում են ոչ միայն մետրոյի, այլև թունելների, երկաթգծերի կառուցման և ճանապարհաշինական այլ աշխատանքներով ևս։
Ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր, նաև կլինի մասնագիտական փորձի փոխանակում։