Բառացիորեն օրեր առաջ ամերիկյան բանակը վերջնականապես ընդունեց Next Generation Squad Weapon (NGSW) մրցույթի արդյունքները որով որոշվեց ամերիկյան բանակի հիմնական հրաձգային սպառազինության հաջորդ սերունդը.

Nor pampushtner ev zenqer

Բառացիորեն օրեր առաջ ամերիկյան բանակը վերջնականապես ընդունեց Next Generation Squad Weapon (NGSW) մրցույթի արդյունքները որով որոշվեց ամերիկյան բանակի հիմնական հրաձգային սպառազինության հաջորդ սերունդը, այսինքն ՝ հրաձգային զենք, գնդացիր, միասնական փամփուշտ և կրակի օպտոէլեկտրոնյաին կառավարման համակարգ։
Ընդհանրապես աշխարհում նոր սերնդի զենքերը ծնվում են նոր փամփուշտների հիման վրա։ Այսինքն առաջին հերթին տեղի է ունենում փամփուշտների փոփոխություն և հետո միայն զենքի փոփոխություն։ Սակայն առաջին անգամ է, որ այս ամենին ավելանում է նաեւ օպտիկական այն էլ ոչ սովորական նշանոցը։
Next Generation Squad Weapon (NGSW) նախագծին մասնակցում էին 3 հիմնական մասնակիցներ` General Dynamics, Textron Systems, Sig Sauer ընկերությունները իրենց համապատասխան ինքնաձիգներով եւ գնդացիրներով։ Ի վերջո հաղթեց sig sauer ընկերությունը։ Հաղթած նախագծի քաղաքացիական տարբերակը կոչվում է MCX Spear, իսկ ամերիկյան բանակի համար այս ինքնաձիգը վերջնական կստանա M5 անունը, երբ որ լիարժեք հայտնվի սպառազինության մեջ։ Ընկերության հաղթած գնդացիրն էլ կոչվելու է M250։ Նախագծի հեղափոխական հիբրիդային 6,8×51 մմ փամփուշտը ունի յուրհատուկ կառուցվածք, քաղաքացիկան տարբերակը կոչվելու է .277 Fury։ Ընդհանրապես բանակային ռազմական զինագործության մեջ սա հեղափոխական մի բան է։
Textron Systems-ը ընդհանրապես կատարել էր մի ֆանտաստիկ հեղափոխական բան, լրիվ նոր կոնցեպտի փամփուշտ էր ստեղծել։ General Dynamics-ը ևս տվել էր հեղափոխական լուծումներ իր փամփուշտին, իսկ Sig Sauer-ը կատարել էր հետևյալը. վերցրել էր սովորական, դասական կառուցվածքով փամփուշտ, որի վերջնամասում ավելացված է լրացուցիչ շրջանակ, անվտանգության օղակ, որը ավելի կարծր մետաղից է և ստացել են 7,62×51 մմ ամերիկյան ՆԱՏՕ–ական երկարության փամփուշտ, բայց 6.8 մմ տրամաչափով, որի էներգիան շատ մեծ է։ Այսինքն տվյալ դեպքում մենք գործ ունենք սուպեր մագնում տեսակի նոր փամփուշտի հետ, որի կառուցվածը այնքան նորարական է ու պարզ, որքան որ գրեթե երկու դար առաջ միասնական փամփուշտը։ Փորձենք համեմատել՝ 6,8×51մմ-ի (.277) փամփուշտը, ուենալով ընդհամենը 8-9 գրամանոց գնդակ, ունի 3700 Ջոուլ էներգիա կարճ զենքի 406 մմ փողի դեպքում, որը նշանակում է 500-520 մմ փողի պարագայում 4000-4100 Ջոուլ կստացվի։ Սա չափազանց հզոր է սովորական շարքային զինվորի հրացանի համար։
Փորձենք բացատրել թէ բացի սուպերմագնում փամփուշտից, ինչի համար ենք այն անվանում հեղափոխական. ըստ էության վեջին նմանատիպ հեղափոխական քայլը, որը նորից կատարվել էր ԱՄՆ- ում, երբ 50-ականերին հատնվեց 5,56 x45 մմ փամփուշտը կամ քաղաքացիկան .223-ը, դրա հիման վրա ստեղծվել էր M16 պլատֆորմը և դրանից հետո նաև համապատասխան գնդացիրները։ Այն դարձել էր ամբողջ ՆԱՏՕ-ի համար հիմնական տրամաչափ։
Սա նոր քայլ է, նոր նախագիծ է, որը ունի շատ հստակ ռազմավարական–քաղաքական եւ ռազմական, մարտավարական նպատակներ։
Ըստ էության 2-րդ համաշխարհայինի վերջում գերմանական եւ ամերիկյան ռազմագիտական դպրոցները ստեղծեցին միջանկյալ փամփուշտը «հրացանային փամփուշտից նահանջ դեպի փոքր իմպուլս, նույն տրամաչափի մեջ»։ Այս ուղղությամբ զինվորականների պահանջով, գիտնականներն աշխատում էին դեռ առաջին աշխարհամարտից հետո։ Ի վերջո երկրորդ համաշխարհայինի նախաշեմին ամերիկյան .30 Carbine, 7,62×33մմ եւ հատկապես գերմանական 7,92×33 մմ-ոց փամփուշտներով այս հարցը լուծվեց։ ԽՍՀՄ շատ արագ գնալով գերմանական ճանապարհով 1943 թ ստեղծեց 7.62×39 մմ փամփուշտը եւ AKM-РПК բավականին որակյալ զույգը։
1950-ակաների վերջին ԱՄՆ-ն որոշեց, որ էլ ավելի պետք է փոքրացնել միջանկյալ փամփուշտը (թույլ իմպուլսով միջանկյալ փամփուշտ, ստեղծվեց վերոնշյալ 5,56×45 մմ-ը) թույլ իմպուլսով փամփուշտների այս հեղափոխությունը հետագայում վերցվեց սպառազինության նաև ԽՍՀՄ-ում։ Ծնվեց 5,45×39 մմ խորհրդային փամփուշտը, որի հիման վրա ստեղծվեց AK 74-РПК-74 զույգը։
Ինչո՞վ էր պայմանավորված այս ամենը։ Հիմա շատ ու շատ մասնագիտական քննարկումներ կան այս թեմայի շուրջ, բայց այս ամեն ինչը պայմանավորված էր շատ հստակ պատերազմավարման կանոններով։ 2–րդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային ռազմական գիտության թելադրող ուժը, տեղափոխվել էր օվկիանոսից այն կողմ ՝ ԱՄՆ։ Այնտեղ հասկացել էին, որ համազորային մարտում եւ օպերացիայում (սառը պատերազմի ժամանակ սպասվում էր մասսայական մեծ բանակների բախում) շարքային զինվորին հարկավոր չէ այդքան հզոր փամփուշտ։ Անգամ միջանկյալ սովորական փամփուշտը ինչպիսին խորհրդային 7.62×39 մմ AKM-ի փամփուշտը, այսպես ասած, ավելցուկ հզորություն ունի, զինվորին դա անհրաժեշտ չէ։ Իսկ հզոր ամերիկյան տնտեսությունը ամերիկյան բանակին, կոնկրետ ջոկ, դասակ, վաշտ հատկապես գումարտակ օղակին հագեցրել էր լրացուցիչ բազմապիսի զենք ու զինամթերքով ՝ ներառյալ մեծ տրամաչափի գնդացիրների տեսականին, դիպուկահար հրացանները, փոքր ականանետերը վաշտերում, դասակներում, գումարտակների համար ուղղաթիռներ կարող էին կիրառվել։ Սա դարձրել էր անիմաստ հզոր փամփուշտով ինքնաձիգը, այդ պատճառով ամերիկյան բանակը գնաց 5,56մմ փամփուշտին։ Հիշեցնենք, որ ամերիկյան հրացանային 30-06 փամփուշտը ամենահզորն էր աշխարհում իր տեսակի մեջ։ Ահա այս իրավիճակում ծնվեց լեգենդար M16 և սա կարծես թե հստակ տեղավորվում էր սառը պատերազմում սպասվող օպերացիաների ու մարտերի լոգիկայի մեջ։
Սառը պատերազմից հետո տեղի ունեցող լոկալ կոնֆլիկտների ժամանակ պարզվեց՝ այս կոնցեպտը բավականին փակուղային է, այսինքն լոկալ կոնֆլիկտներում չէին լինում այսպես մասայական մեծ բախումներ, որտեղ նշված լրացուցիչ զինատեսակները մշտապես կարող էին օգնության գալ դասակներին, ջոկերին։ Իրաքյան պատերազմում, աղվանական պատերազմում, չեչենական պատերազմում և բազում մանր կոնֆլիկտներում կյանքն ապացուցեց, որ օրինակ առանձին ջոկով մարտ վարող շարքային զինվորին հարկավոր է ավելի հզոր փամփուշտով ինքնաձիք։ Որովհետև չկան այդ մեծ գնդացիրները, ականանետերը և այլ օժանդակ միջոցները, միշտ իրենց հետ չեն։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ–ական բանակներում կամաց–կամաց հատնվեցին 7.62×51 մմ (.308) բազայի վրա վերաստեղծված AR10 պլատֆորմը, կամ համանման զենքերը ինչպես լեգենդար SCAR-ն էր, որն ամերիկյան հատուկ նշանակության զորքերում շատ սիրված ինքնաձիգ է և այլ լուծումներ։ Նույն ժամանակ աղքատ պետություններում, ահաբեկչական կառույցներում նորից վերագնահատվեց և վերազինվեց AKM–ը իր բավականին հզոր միջանկյալ փամփուշտով։ Այդ պահից սկսած գիտնականներն ու զինվորականները մշտապես մտածում էին ` ինչպե՞ս անել, որ վերադառնան նորից հզոր փամփուշտի, բայց հզոր փամփուշտը նորից չլինի ուղիղ վերադարձ հրացանային փամփուշտներին, այսինքն 7,62×51 մմ և այլ տեսականուն։ Նույն ժամանակ էր, որ հատուկ նշանակության զորքերում մեծ սիրով ընդունվեց 7.62×51–ից ավելի հզորության, բայց .300 ընտանիքին պատկանող .300WM, .300 RUM եւ նմանատիպ փամփուշտների հիման վրա ծնված դիպուկահարները։ Ամերիկյան բանակում այսօր էլ կարծես թե նույն հեղափոխական ամբողջ կոնցեպտից հետո դիպուկահարների հարցը մնում է հստակեցված, որ .300 WM լինելու է հիմնական դիպուկահարային նվազագույն փամփուշտ։ Դեռ 10 տարի առաջ այս քննարկումները շատ ինտեսիվ էին և այն ժամանակ արդեն 6,5 մմ քրեդմոր, 6,8 մմ ռեմինգթոն և այլ փորձնական փամփուշտներ էին ծնվում, մտքեր կային, մրցույթներ էին տեղի ուենում և այդ մրցույթները կարծես չէին ստացվում։ Հերթական մրցույթը, որ կատարվում էր, առաջացնում էր բացասական տրամադրություններ, բայց տեղի ուենցավ այս ամենը։ Ի՞նչ է այս ամենը իրենից ներկայացնում։ Փաստենք մի կարևոր բան ՝ Sig Sauer, որը հաղթեց, ներկայացրած երկու ընկերություններից տարբերվում էր իր հեղափոխական, բայց ավելի համեստ հեղափոխական և ավելի հեշտ մարսվող թե՛ արտադրության մեջ, թե՛ զինվորների համար գործածության համար ավելի ճանաչելի պլատֆորմով։
Ինչու՞ ԱՄՆ-ն գնաց նման հզոր փամփուշտի։
Ինչպես ժամանակին հումորով նշել էր իմ ընկներներից մեկը՝ ԱՄՆ-ն 1950 ականներին աշխարհին խաբեց ՝ բոլորին ստիպեց գնալ փոքր փամփուշտի ճանապարհով, հետո ինքը ուզում է ավելի հզորը ստեղծել, ինչու՞ այս ամենը տեղի ունեցավ։
Ես նշեցի ամենակարևոր պատճառը՝ պատերազմները դարձել են ավելի ոչ կոնվենցիոնալ և այդ պատերազմների ժամանակ շարքային զինվորի ձեռքին պետք է լինի հզոր փամփուշտ պատճառ համար 1։
Այս հզոր փամփուշտը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ զենքերի, որպիսի հատուկ նշանակության զորքերը, իսկ ինչպես մենք տեսել ենք ոչ կոնվենցիոնալ պատերամների ժամանակ հատուկ նշանակության զորքերի դերը գնալով մեծանում է, նույնիսկ սովորական զորքերը անցնում են հատուկ պատրաստություն, պրակտիկ հրաձգության հատուկ դասընթացներ, մարտական պատրաստության ամբողջ համակարգը փոխվում է, սովորական գծային մարտավարությամբ էլ չեն կռվում և այդպիսի զինվորի ձեռքին պետք է լինի այնպիսի հզոր փամփուշտ, որ նա կարողանա տարատեսակ դարաններ իրականցնող ապստամբ ուժերի դեմ կռվելուց ունենալ կրակային հզորության գերայություն։
Բայց այս ամենը չէր լինի հեղափոխական, եթե չլիներ նաև զենքի ղեկավարման համակարգի խնդիրը, այսինքն միայն փամփուշտի հզորությունը չէ, որ փոխել է ամեն ինչ և ամերիկյան բանակին ևս մեկ մակարդակ վեր կբարձրացնի։ Զենքերի վրա և՛ գնդացրի, և՛ ինքնաձիգի տեղադրվելու են հաղթած Vortex ընկերության ներկայացրած հետաքրքի նախագիծը, որի նախնական անունը XM150 է, այն ինչպես ներկայացնում է օպտիկական նշանոց, որի վրա կա կալիմատորային համապատասխան էկրան, որի վրա էլ արտացոլվելու են բալիստիկ հաշվարկով: Հեռաչափի միջոցով զինվորը ստանալու է թիրախի հեռավորությունը և կրակի բալիստիկ կալկուլյատրով անկյունը, որը ցույց է տալիս ՝ որտեղ պահես, որ խոցում ունենաս տվյալ հեռավորության վրա։ Սա բավականին նորարարական լուծում է, ես ինքնս նմանատիպ օպտիկաներից օգտվել եմ (վորտեքսի մասին չէ խոսքը) նմանատիպ հնարավորություններ տալիս են թանկարժեք գիշերային ջերմատեսիլ համակարգերը կամ քաղաքացիկան տարատեսակ օպտիկական նշանոցները, ինչպեիսին Swarovski DS-ն է և այլն։ Սա ֆանտաստիկ հնարավորություն է զինվորի համար շատ հեշտ է լինելու քիչ փամփուշտներ ծախսել և հեշտությամբ խոցել։ Առանց այն էլ ամերիկյան զորքերի հատուկ պատրատության մեջ գնալով ավելի քիչ է կիրառվում ավտոմատ կրակահերթը։ Ինչպես նշեցինք M5 կունենա հզոր հետհարված և մենք տեսանյութերում արդեն տեսել ենք այդ հարվածը ավտոմատ կրակը շատ քիչ կկիրառվի և այս օպտիկական սարքի միջոցով ավելի հեշտ մենահատ կրակով կկարողանան խոցել։
Այս ամենը հեղափոխական է նաև շատ կարևոր մի քանի տեսակյունից։ Աստեղ կա նաև ռազմավարական-քաղաքական բաղադրիչը, որը երևի թե պետք է առաջինը նշել։ Քանի որ այս պահին ըստ էության Ռուսաստանում ավարտվում է կալաշնիկով կոնցեռնի ներկայացրած AK12-15 պլատֆորմի ինքնաձիգի վերջնական յուրացումը բանակում, որն ըստ էության ունի նույն ռուսական դասական փամփուշտներով տարբերակներ AK12 և այլն դրանք իրենցից ներկայացնում են 5,45×39 մմ և 7,62×39 մմ փամփուշտները այսինքն խորհրդային ժամանակների փամփուշտների մասին ենք խոսում։ Նույն նախագծերի շրջանակներում իրականացվում է նաեւ զինվորների պաշտպանության Ռատնիկ համակարգի ներդրումը իր զրահաբաճկոնով, հետևաբար Ռուսաստանը առաջիկայում որևէ խոշոր նախագծի մեջ չի կարող մտնել, որովհետև այս պլատֆորմը յուրացվում է մեծ տեմպերով։ Նույն բանը կատարվել է և կատարվում է Չինաստանում, որտեղ 5,8×42 մմ փամփուշտը վերջնական ընդունվել է բանակ միլիարդներով արտադրվել է իր համար ստեղծված տարատեսակ զենքերը մասնավորապես Type 87, Type 95 պլատֆորմերը իրենց զրահաբաճկոններով արդեն ընդունված են սպառազինության մեջ։ ԱՄՆ ինչպես տեսնում ենք կատարում է ձիով քայլը, ասինքն բարձրանում է եւս մեկ մակարդակ, որով միանգամից հզորացնում է իր հետեւակին։ Չինական և խորհրդային փամփուշտները մոտենում են մաքսիմում 2000 ջոուլի, իսկ ամերիկյանը փաստացի 4000 ջոուլի։ Այսքանից հետո ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ շատ արագ փորձել ամբողջ կոնցեպտը։ Բնական է սա, քանի որ ռազմական գիտության նորարարությունները, մարտի վարման կանոնները, մարտավարությունը ջոկ դասակից մինչև խոշոր օպերացիաներ ըստ էության թելադրվում են ամերիկյան ռազմական դպրոցի կողմից 2–րդ համաշխարհայինից հետո և սա հերթական ապացույցն է, որ շարունակվում է թելադրանքը ամբողջ աշխարհին։ Այսինքն աշխարհը կռվելու է այնպես, ինչպես կռվելու են ամերիկացիները։ Այս ամենը նշանակում է ՝ ամերիկացիները ստացան հերթական ռազմաքաղաքական մեծ խաղաքարտը։ Իրենց ձեռքում ավելի հզոր և իրենք կարող են իրենց տնտեսապես թույլ տալ իրականացնել, որովհետև մի կողմից շատ հզոր տնտեսություն ունեն, մյուս կողմից ամենակաևոր սեգմենտը կա, որը որ շատ հաճախ անտեսվում է։ Նահանգները մնում են աշխարհի խոշորագույն քաղաքացիական զենքի շուկան և պատահական չէ, որ ամերիկյան մրցույթում հաղթում է գերմանա-շվեյցարական զինագործության հին հսկաներից մեկը։ Այսպիսի մեծ հեղափոխություն կատարվեց զենքի ասպարեզում։ Մենք ընդամենը տարիներ հետո ականատես կլինենք 6,8×51մմ, (.277) թռիչքային զարգացմանը, դեպի վեր կծնվեն քաղաքացիական բազում նմանատիպ հրացաններ, զենքեր, որոնք ի վիճակի պետք է լինեն այս, այսպես ասած, սուպեռ մագնում շարքի փամփուշտը մարսելու:
Ընդ որում Sig Sauer-ը կատարել է հանճարեղ մի բան M4–ի պլատֆոռմից շատ չի շեղվել զենքը իր հիմնական կառուցվածքով նման է M4-ին որոշակի չնչին տարբերություններով, որը տալու է հնարավորություն, որ զորքն արագ յուրացնի այս ինքնաձիգը, որի անունն արդեն կնքել են M5, ինչպես նշեցի, բանակում նույնը վերաբերում է գնդացրին M250-ին, որն ըստ էության M249, այսինքն այսօրվա ՆԱՏՕ–ական գնդացրի շատ քիչ փոփոխված տարբերակն է։ Դա նշանակում է ՝ և ինքնաձիգը և գնդացիրը շատ արագ կյուրացվեն բանակում:
Արծրուն Հովհաննիսյան
Պահեստազորի գնդապետ

Ձեզ կհետաքրքրի...