Դանիել Իոանիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին

Patahar
  Քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոանիսյանը, հավանաբար իրեն շփոթելով դատավորի հետ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին առնչվող մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջին՝ իրեն իրավունք վերապահելով ոչ միայն իրավական գնահատականներ տալ միջադեպի մասնակիցների գործողություններին, այլ նաև, կասկածի տակ դնել Է. Պետրոսյանին ձերբակալումից ազատ արձակելու վերաբերյալ հսկող դատախազի որոշման իրավաչափությունը և դատախազական ամբողջ համակարգին մեղադրել «ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանության» մեջ:
Դանիել Իոանիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ոչ էլ առհասարակ որևէ առնչություն կարող է ունենալ տեղի ուենցածի հետ՝ նման անպատասխանատու «փաստագրումներ» անելու, ամբողջ համակարգի հեղինակության հետ խաղալու համար:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ տարրական բարեկրթությունն անգամ պետք է հուշեր զերծ մնալ նոր նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելուց՝ պարոն Իոանիսյանին խորհուրդ ենք տալիս ժամանակից առաջ չընկնել, անհիմն ու անպատասխանտու հայտարարություններով չփորձել ազդեցություն գործադրել սկսված վարույթի նկատմամբ և կանխակալ հանրային կարծիք ձևավորել:
Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում Դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը և շատ հնարավոր է՝ պարոն Իոանիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին և դատախազին վերագրվող իբրև թե արարքները, նաև գուցե, ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին:
Դատախազությունը կոչ է անում ձևավորել իրավական գործընթացների նկատմամբ հարգանքի և դրանց վերաբերյալ բացառապես մասնագիտական դատողություններ անելու մշակույթ՝ նկատի ունենալով, որ «ԽԾԲ»-ական է ոչ թե ապօրինի ձերբակալված անձին ազատ արձակելը, այլ ժամանակավրեպ տեղեկությունների հիման վրա կատեգորիկ դատողություններ անելը միայն այն շարժառիթով, որ նման դատողություններ անող անձինք մասնակցություն են ունեցել պարեկային ծառայության ձևավորմանը։

Ձեզ կհետաքրքրի...