Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել. Գրիգորյան
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Արմեն Գրիգորյանը անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե գործընթացը տեղի է ունենում նախապայմանների հիման վրա՝ նա նշել է՝ բոլոր այդ հանդիպումների հաղորդագրություններում հատուկ ասվել է, որ որևէ նախապայման չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին հարցին, ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքը իր համար կարմիր գիծ է, և նման հարց չի քննարկել։
«Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել»,- ընդգծել է Գրիգորյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում երրորդ երկրներում, ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո այդ հանդիպումները հնարավոր կլինեն անցկացնել և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։
Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Հայաստանը տեղյակ է պահում իր բոլոր գործընկերներին. «Քանի որ Ռուսաստանի Դաշնությունը հենց սկզբից ներգրավված է եղել, նրանք ամբողջ գործընթացից տեղյակ են և իրենց մասնակցությունն են բերում այս հարաբերությունների կարգավորմանը»:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում փակուղի չկա, և որ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավոր լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել:
ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին, և Ադրբեջանի կողմից նման քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի ավելի արագ առաջ շարժվել. «Ես կարող եմ ևս մեկ անգամ հրապարակային հաստատել, որ հայկական կողմը միշտ պատրաստ է առարկայական բանակցությունների, և եթե նմանատիպ քաղաքական կամք դրսևորվի, բնականաբար, մենք ավելի շատ արագ առաջ կգնանք»: