ԴԱ ԿՐԿԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԴԱ ՍԻՐՈ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ . HRAPARAK
Ազգային ժողովի երբեմնի «մաեստրոն»՝ ԱԺ նախկին նախագահ, կարկառուն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, Ֆեյսբուքում այս օրերին ակտիվ գրառումներ է կատարում։ Դրանք իրեն բնորոշ ոճով են՝ միչ քիչ փիլիսոփայական, մի քիչ՝ անհասկանալի, մի քիչ էլ՝ խորիմաստ ու ենթատեքստերով։ Օրինակ՝ երեկ կեսօրին Գալուստ Գրիգորիչը գրել էր․ «Քաղաքական ուժը պետք է արմատներ ունենա, այդ դեպքում՝ վատ մարդիկ չկան, կան վատ հարաբերություններ»։ Իսկ մի երկու ժամ հետո մեկ այլ՝ էլ ավելի փիլիսոփայական միտք արտահայտեց․ «Գալու եմ նորից, թե կուզես նորից»: Տակը մեկը գրել էր․ «Բարով եք գալու, Գրիգորիչ ջան», մեկ ուրիշն էլ փորձել էր սեւակյան ոճով «ուղղել» Գրիգորիչին՝ նկատելով․ «Նորից չեն գալիս, գալիս են կրկին…»։ Գրիգորիչը, սակայն, պնդել էր, թե ինքը նորից է գալու։ Մենք խնդրեցինք Գալուստ Սահակյանին՝ մի քիչ բացել փակագծերը, թե ում են ուղղված իր գրառումները, ինչ ենթատեքստ կա դրանց տակ։ «Ես շատ պարզ բաներ եմ գրել ու էդպես մեծ բացատրությունների կարիք էլ չունեմ։ Ես ընդամենը մշակում եմ քաղաքական կյանքը հանրապետությունում։ Դա է, ուրիշ բան չկա դրա մեջ»,- ասաց Գրիգորիչը։
— Իսկ Դո՞ւք եք գրում, Ձեր գրառումների հեղինակն անձամբ Դո՞ւք եք։
— Ո՞նց, մտածում եք՝ հանկարծ ինչ-որ մարդիկ պիտի լինեն, որ իմ փոխարեն բա՞ն գրեն։ Նման խնդիր գոյություն չունի։ Քաղաքական կյանքի վերաբերյալ է, գրում եմ, որ քաղաքական ուժը պիտի կենսագրություն ունենա։ Օրինակ՝ էսօր քաղաքական ուժերից կենսագրություն ունեն, որ դասական կենսագրություն է, դա Դաշնակցությունն ու Հանրապետականն է։ Մնացածները, որպես քաղաքական գործիչ, կայացած չեն։ Նրանք պարզապես մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, գրում են իրենց ծրագիրը եւ էդպես մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։ Ինչի՞ պիտի քաղաքական ուժը ծրագիր ունենա։ Ես կարող եմ ասել՝ ես ոնց եմ քաղաքական գործիչ դարձել եւ ում միջոցով, ինչպես։ Էդպես անտեղի տեղը, օդում, էստեղ-էնտեղ խոսալով քաղաքական գործիչ չես դառնում, դու պարզապես մասնակցում ես ընտրարշավին, որը կա՛մ դրական բան է տալիս, կա՛մ բացասական։
— Հիմա «Հայրենիք» կուսակցությունը եւ դրա առաջնորդ Արթուր Վանեցյանը, որի հետ ՀՀԿ-ն դաշինք էր կազմել, Ձեր ասածն իրենց է՞լ է վերաբերում, որ կենսագրություն չունեն։
— Ես, ճիշտն ասած, որեւէ մեկին նկատի չեմ ունենում իմ ասածների մեջ: Նրանք, ովքեր կտեսնեն, որ ես ճշմարտությունն եմ ասում, կգնան էդ ուղղությամբ, կամ եթե չեն տեսնի, կգնան իրենց ուղղությամբ։ Այսինքն՝ ես մարդկանց որեւիցե բան չեմ ասում։
— Իսկ ի՞նչ էր նշանակում Ձեր վերջին գրառումը՝ «Գալու եմ նորից, թե կուզես նորից»։
— Դա «կրկին»-ը չի, դա «կրկին»-ը չի կարող լինել, որովհետեւ դա սիրո բանաստեղծություն չէ։ Գալու եմ նորից, նորից եմ գալու, այսինքն՝ միշտ քաղաքականության մեջ եմ ու քաղաքականության մեջ էլ մնալու եմ։
— Դուք տեսաք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս էր կազմում նաեւ ՀՀԿ-ն, փլուզվեց՝ Վանեցյանը դրեց մանդատն ու դուրս եկավ, Իշխան Զաքարյանն ու Թագուհի Թովմասյանն անհասկանալի ճանապարհով գնացին, «Հայաստան» դաշինքում էլ խմորումներ կան։ Այս ամենը, ըստ Ձեզ, ինչի՞ հետեւանք է։
— Ես իմ տեսակետը կարող եմ ասել, որ եթե թիմը քաղաքական թիմ է, յուրաքանչյուրն իրավունք չունի բաց թողնել իր քաղաքական թիմը եւ ասի՝ ես մնում եմ կամ չեմ մնում, որովհետեւ նրանք միասին պայքարել են եւ եկել են խորհրդարան՝ որեւիցե գործ կատարելու։ Եթե պիտի դուրս գան, բոլորը պիտի դուրս գան, եթե դուրս չեն գալիս՝ ոչ մեկն էլ պիտի դուրս չգա։ Այսինքն՝ դա նշանակում է, որ քաղաքական թիմը պիտի իր հիմքերն ունենա, նրանցից ամեն մեկը պիտի ասի՝ իրենք ոնց քաղաքական ներկայացուցիչ դարձան, ով էին էն մարդիկ, որոնք հնարավորություն ստեղծեցին, որ դու զբաղվես քաղաքականությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : hraparak.am
«Հրապարակ օրաթերթ»